Փաստերը կապացուցեն՝ ով է ստախոսը. Ծառուկյանի մամուլի խոսնակի հորդորն ու պահանջը Հակոբ Կարապետյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակին հորդորում է այլևս չշարունակել հարցազրույցները, և չմեկնաբանել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, որ Աբու Դաբիի թագաժառանգը, որը ցանկացել է խոշոր ներդրումներ անել Երևանում, սակայն քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի վերաբերմունքից հիասթափված է հեռացել Հայաստանից։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Արդեն մի քանի ժամ շարունակ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը համառ ջանասիրությամբ փորձում է հերքել Գագիկ Ծառուկյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունն այն մասին, որ Աբու Դաբիի թագաժառանգը, ով Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն է ունեցել, Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ Կարապետյանն, ով վերջին շրջանում քաղաքապետի համար դարձել է քավության նոխազ և վերջինիս պատճառով ստիպված է լինում հայտնվել զավեշտալի իրավիճակներում, կրկին հանձնարարություն է ստացել ցանկացած գնով պարզերես անել իր վերադասին: Սակայն ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ ընդամենը մի քանի ժամից նա կրկին հայտնվելու է ամոթալի իրավիճակում և համոզվելու է, որ դատարկ խոսելով և շաղակրատությամբ չի կարողանալու հանրությանը թյուրիմացության մեջ գցել: Սեփական անտեղյակությամբ փայլող մամուլի խոսնակին գործընկերաբար հորդորում եմ նույն խանդավառությամբ այլևս չշարունակել հարցազրույցները, քանի որ քիչ անց հրապարակվեիք փաստերն ապացուցելու են, թե ով է իրական ստախոսն ու օդի մեջ խոսողը»: