հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Փաշինյանն ավերակ է անվանում այն բանակին, որն անսասան է պահել Հայաստանի և Արցախի սահմանները. Քոչարյան (տեսանյութ)

Փաշինյանն ավերակ է անվանում այն բանակին, որն անսասան է պահել Հայաստանի և Արցախի սահմանները. Քոչարյան (տեսանյութ)

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն անընդունելի է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ժառանգություն է ստացել «բանակ կոչված ավերակը»։ Այս մասին այսօր Քոչարյանն ասաց Կապանում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Նրա խոսքով՝ նախընտրական շրջանը հաշվետու լինելու ժամանակն է, բայց իշխող ուժը, որը 2021 թվականին ստացել է ժողովրդի քվեն, ընդհանրապես չի խոսում նախկինում իր տված խոստումներից, այլ փորձում է վարկաբեկել բանակը։

«Ավերակ է անվանել բանակը, որը եղել է մարտունակ և անսասան է պահել Հայաստանի և Արցախի սահմանները։ Ավերել բանակը, հրահրել պատերազմ, տալ 5000 կորուստ, 12 հազար վիրավոր ու հետո ասել, որ ավերակ է այն, այդ մարդն, ուրեմն, ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ, միգուցե, հիշողություն ունի։ Ուզում եմ հիշեցնել, որ Սարդարապատի համալիրում ինքը անձամբ հայտարարում էր, որ տարածաշրջանի ամենից մարտունակ բանակն է հայկական բանակը, և 70 հոգու տալիս էր մարտական խաչ և ազգային հերոսի կոչում միայն մի բանի համար, որ սահմանամերձ մի ընդհարում էր եղել Տավուշի մարզում»,-հիշեցրեց ՀՀ երկրորդ նախագահը:

Նա հավելեց, որ Փաշինյանը 2018–19 թթ. արեց ամեն ինչ` խաթարելու բանակցային գործընթացը։

«Հիշեցնեմ, որ ասում էր` սկսում եմ իմ զրոյական կետից, և միջնորդների 25–26 տարվա աշխատանքը զրոյացրեց, հնարավորություն ստեղծեց Ալիևի համար` պատերազմ սկսելու, փչացրեց հարաբերությունները ռազմավարական դաշնակցի (Ռուսաստանի–խմբ.) հետ։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչ է լինում, երբ նա ասում է` սկսում եմ զրոյական կետից, հիմա էլ ասում է` բանակն եմ կառուցում զրոյական կետից»,-ասաց Քոչարյանը:

Ըստ նրա՝ ՀՀ վարչապետը հասարակությունը բաժանեց սպիտակների ու սևերի, նախկինների ու նորերի՝ ամեն ինչ անելով պետությունը թուլացնելու համար։ Արդյունքում, ստացանք պատերազմ և պարտություն։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: