ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պարոն Մանուկյան, ավելի լավ էր՝ չխոսեիք. Կոնջորյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Պարոն Մանուկյան, ավելի լավ էր՝ չխոսեիք. Կոնջորյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Ինձ թվում է, որ եթե անգամ Գեղամ Մանուկյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր - խմբ.) գոյություն չունենար, կարելի կլիներ նրան հորինել, որպեսզի ինքը գար այսօր այստեղ և ունենար այն ելույթը, որ նա ունեցավ և աներ այն արտահայտությունը, որ արեց: Այս մասին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարագրման լրացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ը սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

«Ասում է՝ Արարատը Հայաստանի հավաքականի մարզաշապիկից թյուրիմացաբար է անհետացել: Այսինքն՝ դուք Արարատը այնքան նսեմացնում եք և նսեմացրել եք, որ դուք փաստորեն համարել եք, որ Արարատը կարելի է թյուրիմացաբար դուրս թողնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկից: Հիմա մե՞նք ենք Արարատը ուրանում, թե՞ դուք: Պարոն Մանուկյան, ախր ավելի լավ էր՝ չխոսեիք»,- ասաց Կոնջորյանը՝ դիմելով Գեղամ Մանուկյանին:

Կոնջորյանը հետաքրքրվեց՝ ուր է նա ամեն ելույթից հետո գնում:

«Ինչքան գիտեմ, գնում եք ծխելու, չէ՞»,- հարց հնչեցրեց Կոնջորյանը՝ հետաքրքրվելով, թե որտեղ է նա ծխում՝ արգելված տարածքո՞ւմ:

Տեղից արձագանքեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որին պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Իրավիճակը դահլիճում թեժացավ:

Կոնջորյանը, դիմելով ՔՊ խմբակցության պատգամավորներին, խնդրեց նրանց այլևս չծխել Գառնիկ Դանիելյանի հետ. «Եթե դուք ծխում եք, նախ՝ մի ծխեք, հարգելի պատգամավորներ, երկրորդ՝ այո, ոստիկանությունը պետք է համապատասխան վարչարարություն անի, եթե ՔՊ պատգամավորներն էլ են շենքում ծխում»:

Դիմելով Մանուկյանին՝ Կոնջորյանը հայտարարեց՝ Դաշնակցությունը ուրացել է Սիմոն Վրացյանին, Քաջազնունուն, Խատիսյանին և հիմնավորեց՝ ինչպես:

«Հիմա, եկել եք, 110 տարի անց, պարոն Մինասյանը (Արծվիկ Մինասյան - խմբ) և դուք ուզում եք բերել նախագիծ ցեղասպանության ուրացումը քրեականացնելու համար: Ժողովուրդ ջան, եթե Դաշնակցության ավանդույթը պահում եք, մինչև վերջ պահեք»,- ավելացրեց Կոնջորյանը:

  • Կիսվել: