կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Նոր Սահմանադրության ընդունման համատեքստում լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը. Փաշինյան

Նոր Սահմանադրության ընդունման համատեքստում լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը. Փաշինյան

Առաջիկա նոր Սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

«Ես գիտեմ ու հարգում եմ բոլոր այն փաստարկները, թե փոքր երկրում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, խնամի-ծանոթ-բարեկամ կապերը շատ ուժեղ են, երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման պարագայում մենք կարող ենք կանգնել արդարադատության չիրականացման պրոբլեմի առաջ: Բայց նախ մենք այսօր էլ ենք կանգնած այդ պրոբլեմի առաջ, և բացի դրանից՝ խնամի-ծանոթ-բարեկամ կապերը ինչպես և որքան կգործեն երդվյալ ատենակալների դեպքում, նույնքան գործում են այսօր օպերատիվ աշխատողի, քննիչի, դատախազի, դատավորի դեպքում:

Ինչո՞ւ ուրեմն չենք հրաժարվում այդ ինստիտուտներից՝ ասելով, թե քանի որ Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամ կապերն ուժեղ են, եկեք դատավոր, դատախազ, քննիչ, օպերատիվ աշխատող չունենանք»,- ասաց նա:

Փաշինյանը կարծում է, որ այդ նույն մարդկանց հնարավոր է վստահել նաև որպես երդվյալ ատենակալների, և այս պարագայում արդարադատությունն ինչպիսին էլ լինի, կտրված չի լինի ժողովրդից:

«Ընդհակառակը, արդարադատությունը կլինի նույնքան կամ այնքան արդար, որքան արդար է ժողովուրդը, իսկ ժողովուրդը արդար է ավելի, քան ցանկացած վարչապետ, ցանկացած նախարար, ցանկացած պատգամավոր, ցանկացած դատավոր, ցանկացած դատախազ, ցանկացած քննիչ և ցանկացած ոստիկան»,- ասաց նա:

  • Կիսվել: