Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները
Օրեր առաջ տեղի ունեցած սադրանքն ու դրանց հաջորդած գործողությունները դարձան լայն քննարկման առարկա ու հասան Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ամբիոն, որտեղ սկսվեց քննարկվել իմ անձը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 19–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանը՝ հայտարարելով իր հրաժարականի մասին։
«Հանուն մանդատի ճամբարից ճամբար թռած նման երևույթներ սկսեցին քննարկել իմ վարքագիծը։ Համոզված եմ, որ շահարկվելու է նաև այն, որ ես, լինելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները՝ որպես Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար՝ շնորհակալություն հայտնելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, շնորհակալություն ձեզ արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար»,-իր խոսքում նշեց նա։
Տիգրան Տեր–Մարգարյանը նաև վստահեցրեց, բոլոր այն խոստումները որ տրվել են իր կողմից Նոր Նորքի բնակիչներին, դառնալու են իրականութուն։
«Խոսքս ուզում եմ ուղղել ԱԺ-ում ծվարած որոշ մանդատագողերի։ 2026 թվականը սարերի հետևում չի, մենք հանդիպելու ենք 2026 թվականին, ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»,-խոսքն ամփոփեց Տեր–Մարգարյանը։։
Հիշեցնենք, որ օրեր առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:
Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:
Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն և անվայելուչ արտահայտություններով ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:
Միջադեպի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը խուլիգանության հոդվածքով՝ Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը՝ «ֆիզիկական ներգործության» հոդվածով՝ տեղի ունեցած ծեծի մասով, այդ թվում մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետի նկատմամբ: