Նաթան Սրբազանի և այլոց նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել եւ որպես խափանման միջոց ընտրվել բացակայելու արգելքը։
«Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշում չի կայացրել, այլ որոշել է առաջարկել Ամենայն Հայոց կաթողիկոսին, որովհետեւ կարգալուծությունը Կաթողիկոսի մենաշնորհն էմ եւ որեւէ մեկը չի կարող Ամենայն Հայոց Կաթողիկոսի նման որոշումը չեղարկել կամ միջամտել»,–հարցաքննությունից հետո Քննչական կոմկիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Նաթան Սրբազանը։
Թարմացում. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Հայկազուն, Վահան և Մուշեղ Սրբազաններին ևս արգելեցին բացակայել երկրից:
Այսպիսով՝ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ մեղադրյալի կարգավիճակ ունեն 6 բարձրաստիճան հոգեւորական Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
«Բոլոր Սրբազաններին մեղադրում են այն բանում, որ 2026 թվականի հունվարի 27-ին, իբր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կարգալույծ են արել Արման Սարոյանին՝ այդ կերպ խոչընդոտելով տխրահռչակ դատական ակտի կատարմանը։ Մուշեղ Սրբազանը կարգալույծ անելու ծառայողական լիազորություն չունի, հետևաբար չի կարող կատարել այնպիսի գործողություն, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել։ Այդ պատճառով նա չի ընդունում մեղադրանքը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը:
Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ հավելել է՝ այս վարույթը ոչ միայն անհասկանալի, այլև ամբողջությամբ ապօրինի է և նախադեպը չունեցող. «Սա պետության ուղիղ միջամտությունն է եկեղեցու ներքին գործերին։ Որևէ քաղաքացիական կամ այլ դատարան իրավասու չէ միջամտել կամ դատական ակտով լուծել եկեղեցու ներքին կարգերին վերաբերող հարցեր։ Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հարաբերությունների մասին» օրենքով հստակ ամրագրված է, որ պետությունը չունի նման իրավազորություն։ Վեհափառի տնօրինության վերաբերյալ որևէ դատական ակտ չի կարող իրավական հիմք հանդիսանալ»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: Գործը կապված է Մասյացոտնի թեմի առաջնորդին կարգալույծ անելու Գերագույն Խորհրդի որոշման հետ։ Սրբազանները հրավիրվել են Քննչական կոմիտե մեղադրյալի կարգավիճակով։


