ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը. Միրզոյան

Մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը. Միրզոյան

Երբ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխությունը, և մեր ներկայիս իշխող կուսակցությունը դարձավ իշխանության, մենք գրեթե անմիջապես հայտարարեցինք, որ պատրաստվում ենք փոփոխություններ կատարել մեր Սահմանադրությունում։ Եվ այժմ, ինչպես ես տեսնում եմ, դա լինելու է ոչ միայն ներկայիս Սահմանադրության փոփոխություն, այլև նոր Սահմանադրություն։ Արդեն գործող հանձնաժողովը, որը զբաղվում է Սահմանադրական փոփոխություններով, քննարկում է իրավական մեխանիզմները, և ինչպես գիտեմ, հանձնաժողովի մանդատի ժամկետը լրանում է 2026 թվականին: Նույն տարում մենք ունենք խորհրդարանական ընտրություններ։ Այսպիսով՝ 2018-ից մենք պնդում ենք նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, և դա շարունակում է մնալ մեր օրակարգում։ Մենք պատրաստվում ենք կյանքի կոչել դա՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում արձագանքելով այն հարցին, թե արդյոք կդիտարկվի՞ Սահմանադրական փոփոխություն՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, թե՞ ոչ, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Բայց հարցը կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ՝ կառուցողական չէ։ Վերադառնալով իմ նախորդ մեկնաբանություններին՝ ուզում եմ ընդգծել, որ առկա է երկու ճանապարհ։ Առաջինը՝ սպասել, մինչև բոլոր հնարավոր հարցերին պատասխաններ գտնվեն, և միայն դրանից հետո ձեռնարկել քայլեր։ Երկրորդը՝ գործել հիմա՝ չսպասելով միանգամից բոլոր լուծումներին։ Այդ մասին ես խոսել եմ նաև պանելային քննարկման ժամանակ՝ շեշտելով, որ պետք է կառուցել աստիճանաբար՝ նախ դնելով առաջին քարը, ապա հաջորդը, և այդպես շարունակ։ Ես վստահ եմ, որ ինչ-որ պահի, հետ նայելով, կտեսնենք, որ կառուցել ենք ամուր ու կայուն կամուրջ։ Հետևաբար, մենք խորապես համոզված ենք, որ պետք է սկսել հենց հիմա։

Լրագրողի խնդրանքով անդրադառնալով Եվրոպական դիտորդական առաքելության վերաբերյալ հարցին՝ Միրզոյանը նշեց, որ առաքելության մանդատը հիմնականում ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելուն, ինչպես նաև սահմանի երկայնքով կայունության ապահովմանը։ Եվ հենց որ խաղաղության պայմանագիրը կնքվի և ուժի մեջ մտնի, նման առաքելության անհրաժեշտություն  այլևս չի լինի։

«Հենց որ սահմանի երկայնքով կայունություն հաստատվի, դա նշանակում է, որ մանդատը՝ առաքելությունն, ավարտված է, և այլևս որևէ հավելյալ ներգրավվածություն անհրաժեշտ չի լինի։ Սակայն, ընդհանրապես, կարծում եմ՝ հիմնական խնդիրը հենց Ձեր հարցում է։ Ոչ թե Սահմանադրությունը, ոչ թե Մինսկի խումբը, ոչ էլ որևէ այլ բան։ Խնդիրն այն է, որ երբեմն մենք ունենում ենք այն զգացումը, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։ Թե ինչ հաշվարկներից ելնելով՝ չեմ կարող ասել, բայց մենք իսկապես մտահոգություն ունենք, որ նրանք չեն ցանկանում ավարտին հասցնել կարգավորումը, չեն ցանկանում ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- նշեց Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ կարգավորման գործընթացում կան նաև այլ ուղղություններ։ «Մենք ներկայացրել ենք մի շարք առաջարկներ՝ հաղորդակցության վերականգնման, փոխադարձ վստահության ամրապնդման, այդ թվում՝ փոխադարձ վերիֆիկացիայի և սպառազինությունների վերահսկման ուղղություններով։ Դրանք եղել են հիմնավորված և իրատեսական առաջարկներ։ Սակայն, ցավոք, որևէ կառուցողական արձագանք չենք ստացել։ Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը պարզապես շահագրգռված չէ կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու մեջ և իրականում պատրաստակամ չէ խաղաղություն կառուցելու։ Ավելին, մենք պարբերաբար ականատես ենք լինում լարվածության նոր դրսևորումների ինչպես Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, այնպես էլ իրավիճակի իրական զարգացման առումով, ինչը, ցավոք, կարող է հանգեցնել նաև գետնի վրա էսկալացիայի։

Օրինակ՝ եթե դիտարկեք հայկական հասարակական կարծիքը, կտեսնեք, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը կարծում է, որ Ադրբեջանը հետագա ծրագրեր ունի՝ նոր հարձակում իրականացնել Հայաստանի վրա, վերահսկողություն հաստատել նրա ինքնիշխան տարածքների որոշ հատվածների վրա և այլն։ Այս առումով կարելի է ասել, որ Ձեր հարցի մեջ կա նաև պատասխանը։ Երբ մեզ հաջողվի պարզել Ադրբեջանի իրական մտադրությունները, մեծ հավանականությամբ կկարողանանք գտնել նաև հարցերի պատասխանները»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա նշեց, որ հետագա հանդիպումների վերաբերյալ՝ թե որտեղ և ինչպես է նախատեսվում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որևէ նորություն չկա։ «Նրանք ասում են, որ իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ իրենք չեն պատրաստվում քննարկել այդ հարցը, քանի դեռ այս կամ այն պահանջը չի կատարվել, նախ՝ առաջինը, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը և այդպես շարունակ։ Սա է իրականությունը, բայց մենք շարունակում ենք շփումները նրանց հետ»,-ասաց Արարատ Միրզոյանը։

  • Կիսվել: