Մոլդովայի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին օրինագիծ
Մոլդովայի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին օրինագիծ, հայտնում է 1lurer.am-ը:
Խորհրդարանի պատգամավոր, Ազգային այլընտրանքային շարժման անդամ Հայկ Վարդանյանը խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ապրիլի 24-ը աշխարհի ամբողջ հայության համար Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է:
«Այսօր մենք ոգեկոչում ենք նահատակված 1,5 մլն անմեղ հայերի հիշատակը, որոնք ցեղասպանության են ենթարկվել Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից՝ 1915 թվականին: Նրանք սպանվել են միայն նրա համար, որ հայ էին և քրիստոնյա: Ցավոք, Թուրքիան մինչ օրս չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Եվրամիության երկրների մեծ մասը, Յոթի խմբի երկրներից 6-ն արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ Մոլդովան դեռևս չի ճանաչել այն:
Պատգամավորի խոսքով՝ հաշվի առնելով, որ Մոլդովան ձգտում է Եվրամիության անդամակցության և արժեքներին, հայկական համայնքը երկրի խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին օրինագիծ: Նա նշել է, որ վերջին տարիներին համայնքը տարաբնույթ միջոցառումներ է անցկացրել Մոլդովայի բնակչությանը ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել 110 տարի առաջ Օսմանյան կայսրությունում:
«Այս նախաձեռնությունը ինչ-որ առանձին գործչի կամ կուսակցության նախաձեռնություն չէ, սա քաղաքական նախաձեռնություն չէ: Այս նախաձեռնությունը գալիս է հայկական համայնքից, որը Մոլդովայի տարածքում բնակվում է դեռ 12-րդ դարից: Այս նախաձեռնությունը գալիս է մարդկանցից, որոնք սիրում են Մոլդովան և ցանկանում են, որ այն կանգնի այն երկրների կողքին, որոնք համարձակություն են ունեցել ճանաչելու Ցեղասպանության փաստը»,- նշել է Վարդանյանը:
Նա կոչ է արել մյուս պատգամավորներին մինչև այս գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտը կողմ քվեարկել ներկայացված օրինագծին: