Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Պուտինը՝ Ալիևին
Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինն Աստանայում մեկնարկած՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ, հայտնում են Կրեմլից:
Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը բանակցությունների ժամանակ քննարկել են նաև Հայաստանի և Արբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Պուտինը, մասնավորապես, նշել է. ՛՛Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը։ Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է։ Եթե ամեն ամիս էլ հանդիպենք, միևնույն է՝ խոսելու բան կլինի»:
Իր հերթին Ալիևը Պուտինին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը։
՛՛Ցանկանում եմ նշել ենթակառուցվածքների ոլորտում մեր ծրագրերը. առաջին տեղում է Հյուսիս-հարավ մայրուղին։ Հնարավորություններ կան, այդ թվում՝ էներգետիկայի և արդյունաբերական ոլորտներում՛՛,-նշել է Պուտինը:
Ալիևը նույնպես անդրադարձել է Հյուսիս-հարավին. ՛՛Վճռական ենք՝ ընդլայնելու միջանցքի ենթակառուցվածքն Ադրբեջանի տարածքում, թեև այն ֆիզիկապես գոյություն ունի, այնուհանդերձ չի համապատասխանում նախագիծն առավելագույնս օգտագործելու՝ մեր գործընկերների և հարևանների մտադրություններին՛՛։