«Միջանցքի» վերաբերյալ բանակցությունների ընթացքը գաղտնի է պահվում, բանավոր պայմանավորվածություն կա. Ռուստամյան
Ամենամեծ ռիսկայնությունը սկսվում է այնտեղ, երբ Հայաստանը համաձայնում է առանց միջնորդների երկկողմ բանակցել. այստեղից գալիս են բոլոր ռիսկերը։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Երկկողմ բանակցություն հաղթողի և պարտվողի միջև, բնականաբար միշտ լինելու է թելադրանքի լեզվով։ Ես մինչև հիմա չեմ տեսել որևէ տեղ, որ Թուրքիան կամ Ադրբեջանը հրաժարվեն հենց այդ միջանցքային իմաստով կապից։ Ընդհակառակը անընդհատ խոսում են, որ դա վաղ թե ուշ լինելու : Մեր տխուր փորձը ցույց է տալիս, որ իրենց ասածներն ավելի են իրականանում, քան մեր կողմից հնչող ինչ-որ հավաստիացումները։
Այո, ինձ նաև շատ մտահոգում է այն, որ նրանք այնտեղ ասում են միջանցք, այստեղ էլ նախապատրաստվում են, որ մենք միջանցք չենք տալու, բայց թուրքերն ու ադրբեջանցիները միևնույն է դա միջանցք են անվանելու: Այսինքն թուրքերն ու ադրբեջանցիները չգիտե՞ն տարբերությունը որն է: Պարզապես ուզում են մեր այսպես ասած զգոնությունը բթացնել, որ իրականում մենք միջանցք չենք տվել, բայց դե թուրքերն ասում են միջանցք, ոչինչ:
Ալիևն ասում է՝ ես Ադրբեջանից Ադրբեջան եմ գնում և որևէ խոչընդոտ այդ ճանապարհին չպիտի լինի»,-ասաց Ռուստամյանը:
Դիտարկմանը, որ Հայաստան ասում է, որ ադրբեջանցիները ամեն դեպքում անցնելու են բոլոր իրավական ընթացակարգերը մտնել դուրս գալուց, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Դա չի բռնում Ադրբեջանի հայտարարությունների հետ: Եթե այդպես է լինելու ըստ Փաշինյանի, հիմա չի ստորագրվում: Այսինքն այստեղի պնդումները Ադրբեջանի համար անընդունելի են։ Նշանակում է իրենք փորձելու են նորից իրենց ուզածը ստանալ այնպես, որ դա դառնա անխոչնդոտ Ադրբեջանից Ադրբեջան տեղափոխում»:
Արմեն Ռուստամյանը պնդեց, որ բանակցությունների ընթացքը գաղտնի է պահվում. «Բանավոր խոսակցություններն ընդհանրապես ոչ մի տեղ չեն արձանագրվում, բայց դրանք պարտադիր պահանջ են դառնում Հայաստանի համար: Մենք նաև այդ պրակտիկան ունենք դժբախտաբար, բանավոր պայմանավորվածությունների ինչ-որ մի հատ նոր մեթոդաբանություն է Հայաստանում կիրառվում: Երկուսն իրար հետ լուրջ վտանգ են մեզ համար, մեկը առանց միջնորդերի բանակցելը, երկրորդը բանավոր պայմանավորվածություններով ինչ-որ պրոցեսներ տանելը։ Սրանք խոսում են այն մասին, որ այս իշխանությունները, ըստ էության, այսօր չեն ցույց տվել նվազագույն անգամ ճիգ, որ կարող են դուրս գալ այդ թուրք-ադրբեջանական պարտադրանքից:
Մենք տեսնում ենք, որ իրենք սպասարկում են ամբողջությամբ այդ օրակարգը: Պարզապես իրենք համապատասխան հող են նախապատրաստում հանրային ընկալման համար, որպեսզի հետո պրոբլեմներ չլինեն, բայց նույն խնդիրը պահված իրենց մտքում ունեն և չեն կարող հրաժարվել այդ պահանջներից ադրբեջանական»,- հայտարարեց Ռուստամյանը: