չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
«Միավորված հայեր» կուսակցության նախագահը պատգամավոր դառնալու մտադրություն չունի

«Միավորված հայեր» կուսակցության նախագահը պատգամավոր դառնալու մտադրություն չունի

«Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ Նաիրի Սարգսյանը չի պատրաստվում պատգամավորական աթոռ զբաղեցնել։ Նա այդ մասին ասաց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքից առաջ՝ մեկնաբանելով նախընտրական ցուցակում իր անվան բացակայությունը:
 
Ավելի վաղ ԶԼՄ-ները ուշադրություն էին դարձրել այն փաստին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրապարակած նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների մեջ չկան «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ Նաիրի Սարգսյանի անունները, որոնց հետ նախորդ շաբաթ հուշագիր ստորագրվեց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով դաշինք կազմելու մասին։
 

«Մենք ունենք որոշումների կայացման ռացիոնալության ելակետ։ Պետք է առաջնորդվել առկա վարկանիշների պոտենցիալով, իսկ այդ պոտենցիալն ունի միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Ես ի սկզբանե չպետք է այնտեղ լինեի։ Կարևոր չէ՝ դաշինքով, թե առանձին մասնակցությամբ, իմ նպատակը երբեք պաշտոն զբաղեցնելն ու պատգամավորական գործունեությունը չի եղել»,- ասաց Սարգսյանը։

Սարգսյանն ընդգծեց` իրենց գործունեությունն ուղղված է այս իշխանության վերացմանը, և դա չի ենթադրում, որ իր պատգամավոր ընտրվելը պարտադիր է։
 
Նա անդրադարձավ նաև «Ընտրական օրենսգիրք» օրենքում կատարված փոփոխությանը, որով արգելվում է անձնանունների կիրառումը կուսակցությունների, դաշինքների անվանումներում։
Սարգսյանը շեշտեց` Սամվել Կարապետյանի անունը հանելն էլ չի կարող խոչընդոտ լինել ժողովրդի համար, որ իրենց ճիշտ ընտրությունը կատարեն։

  • Կիսվել: