Մի օր պետք է այդ փուչիկը պայթեր. Իմ ընկերոջը մեղադրեցին դավաճանության մեջ. Հակոբ Ասլանյանը՝ ՔՊ–ից հիասթափվելու մասին
Մի օր պետք է այդ փուչիկը պայթեր. հիմա դա եղավ պարոն Աղազարյանի հետ կապված, բայց հասունանում էր այդ բոլորը։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ եթե Հովիկ Աղազարյանի հետ կապված հեռախոսային պատմությունը չլիներ, իրենք դեմ դուրս չէին գալու Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ–ին։
«Պատերազմից հետո մնացի, որովհետեւ դեռ հավատում էի, որ չեն ստում։ Հավատը այն ժամանակ փլուզվեց, երբ ես կարդացի պարոն Աղազարյանի վերաբերյալ այն նյութերը, որ վարչապետն ուղարկել էր։ Այդտեղ իմ ընկերը մեղադրվում էր պետական դավաճանության մեջ։ Ես Հայկ Կոնջորյանին ասացի, որ ես շոկի մեջ եմ և ես այստեղ պետական դավաճանություն չեմ տեսնում։ Ես առաջարկեցի, որ ներսում 5-6 հոգանոց փոքրիկ խումբ կազմենք, ուսումնասիրենք այդ ամբողջը, համոզված լինենք, որ պարոն Աղազարյանը իսկապես դավաճան է, հետո նոր դա հանրայնացնենք։ Ասացին՝ ոչ, վարչապետն է ուղարկել, վերջացավ, գնաց։
Ես էլ ասացի՝ այդ դեպքում առաջիկա մեկ ամիսը ոչ խմբակցության նիստերին և ոչ էլ նախաձեռնող նիստերին չեմ ուզում մասնակցել, որպեսզի եթե որևէ մի խոսք հասնի Աղազարյանի ականջին, հետո դուք ինձ վրա կասկածեք թե ես եմ հասցրել։ Ինձ ասացին՝ ոչ, ես էլ հաջորդ օրը գնացի, ասեցի, որ ես ինքս դադարեցնում եմ իրենց գործունեությունը»,–ասաց նա։


