«Մի անցեք ձեր չափերը, ուրեմն ես կգծեմ հիմա ձեր չափերը». Թեժ լեզվակռիվ Ռուբեն Ռուբինյանի եւ Արթուր Խաչատրյանի միջեւ
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի եւ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի միջեւ:
Վերջինս իր խմբկցության անդամի ելույթի ժամանակ տեղից ինչ-որ բաներ էր բղավում, որին արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը. «Ուրեմն լսեք ինձ, պարոն Խաչատրյան, նախ սուս մնացեք, հետո իմ հետ խոսեք հարգալից, հետո մի անցեք ձեր չափերը»:
Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ ինքն է իր չափերը գծում:
«Ուրեմն լավ չեք գծում, ուրեմն ես կգծեմ հիմա ու հանգստացեք, հանգստացեք ասեցի, հանգստացի, հանգիստ»,-արդեն բղավելով ասաց Ռուբեն ռուբինյանը եւ նույն բարձր տոնով Քրիստինե Վարդանյանին հորդորեց շարունակել իր ելույթը:
Քրիստինե Վարդանյանն իր ելույթում հղում անելով ՔՊ-ական պատգամավորներին շփոթեց երկու պատգամավորներին և ասաց. «Չեմ հիշում Մարիա Կարապետյանը, թե Սոնա Ղազարյանը, շատ տարբերություն չկա»:
Ռուբինյանը կոչ արեց հարգալից խոսել պատգամավորների մասին. «Դուք էլ տեղից լռեք, պարոն Մինասյան»,-ասաց նա դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, ով տեղից ինչ-որ բան էր բղավում: