Մեր իրավապահները և սահմանապահներն արդյունավետ կերպով սահմանափակում են սև փողերի մուտքը Հայաստանի տնտեսություն և քաղաքական դաշտ. Հարությունյան
Ո՞ր օրենքն ենք խախտել այն պրոցեսում, որ հիմա տեղի է ունենում. Ընտրական օրենսգիրքը սահմանում է կանոններ ընտրություններից մեկ ամիս առաջ սկսվող պաշտոնական ընտրարշավին. Ընտրության հաջորդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր կուսակցություն և քաղաքական գործիչ կարող է ընտրարշավի տրամաբանության մեջ իրականացնել գործունեություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը մրցակցային միջավայր չի ապահովել, ՔՊ–ն վաղուց սկսել է քարոզարշավը, մինչդեռ ուժերից մեկի ղեկավարը պահվում է կալանքի տակ։
Հարությունյանը, մասնավորապես, ասաց. «Օրենքը սահմանում է միայն հավասար պայմաններ բուն քարոզչության համար, որպեսզի փոքր ուժերն ունենան նույնքան սահմանափակ ռեսուրսի հնարավորություն, որքան մեծերը։ Ես կարծում եմ՝ դուք առնվազն ազնիվ չեք այն պնդման մեջ, որ քաղաքական դաշտում այսօր կա ևս մի քաղաքական ուժ, իհարկե «խալաստոյ» փամփուշտներով կրակող, որը ՔՊ–ից շատ ավելի շատ գործիքներ է կիրառում քաղաքական, նաև ռեսուրսներ, նաև մարդկային, ֆինանսական, բայց դուք դրա մասին չեք խոսում։ Խոսքը «Ուժեղ Հայաստանի» մասին է»:
Դիտարկմանը, որ քաղհասարակության ներկայացուցիչներն ահազանգում են, որ բավականին մեծ թվով կանխիկ գումար է մուտք գործում երկիր այս օրերին, հատկապես Ռուսաստանից, արդյոք դրա հետ կապված ունեն մտահոգություններ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ցանկացած շրջանառություն կանխիկի, որը չի հայտարարագրվում, ցանկացած պետության համար մտահոգիչ է, որովհետև իր մեջ պարունակում է խորշեր, որոնք պետք է բացահայտվեն։ Ես կարծում եմ, որ մեր իրավապահները և սահմանապահները բավականին արդյունավետ այդ ուղղությամբ աշխատում են՝ սահմանափակելով սև փողերի մուտքը Հայաստանի տնտեսություն և Հայաստանի քաղաքական դաշտ»։ Նա հավելեց, որ վերջին օրերին իրավապահները մի քանի այդպիսի դեպք բացահայտել են։


