ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մեր հազարամյա պատմության մեջ մեր պետութան հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել. Փաշինյան

Մեր հազարամյա պատմության մեջ մեր պետութան հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել. Փաշինյան

Վերջին 7 տարիներին մենք առաջնորդել ենք ՀՀ-ն, մենք տեսել ենք պարտություն և ձախողում, մենք տեսել ենք լաց և ատամների կրճտոց, մենք տեսել ենք ողբերգություն և ցասում, բայց մեր հաղթանակն ու ուժը նրանում է, որ մենք առաջնորդել ենք այնտեղ, որտեղ թվում էր՝ անհնար է առաջնորդել, որտեղ սովորաբար առաջնորդություն չի լինում, այլ լինում է քաոս և խուճապ, փլուզում և կործանում: Մենք առաջնորդել ենք և զուգահեռ իրական պետություն, իրական անկախություն և, հետևաբար, ազատություն, բարեկեցություն, երջանկություն ունենալու հնարավորություն ենք փնտրել մեր հայրենիք-պետության, ՀՀ-ի ու նրա ժողովրդի համար և ստեղծել ենք այդ հնարավորությունը: Այդ մասին ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մեր պատմության գագաթնակետին, կուլմինացիային ենք հասել և մեր հազարամյա պատմության մեջ մեր պետության հարատևությունն ապահովելու այսպիսի շանս երբեք չենք ունեցել, իսկ բոլոր ռիսկերը, որ գոյություն ունեն այսօր, գոյություն են ունեցել միշտ: Բայց ռիսկերը եղել են շարունակական, որովհետև չենք տեսել և հետևաբար չենք օգտագործել այդ ռիսկերը կառավարելու և չեզոքացնելու հնարավորությունը, իսկ այսօր տեսնում ենք, կառավարում ենք, չեզոքացնում ենք, և այս համատեքստում են տեղավորվում այն քայլերը, որոնք ձեռնարկում ենք վերջին տարիներին:

Հարևանների հետ հարաբերությունների կարգավորման օրակարգ, սահմանազատման գործընթաց, խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացում, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ. այս բոլորը քայլեր են, որոնք պետությունը և նրանում ազատ, անվտանգ և բարեեցիկ ապրելու՝ քաղաքացու հնարավորությունը դնում են ամենակենտրոնում, ամենաներից բարձր և առաջնահերթ, ու սա է մեր ռազմավարությունը, ու սա մեր հարգանքի մեծագույն տուրքն է բոլոր նահատակներին»,- ասաց նա:

  • Կիսվել: