Մեր առաջնային խնդիր հռչակեցինք պետության հիմքը նորոգելու հարցը. ՀՀ վարչապետ
Մեր օրակարգի հարցերը հետեւյալն են` կուսակցության նոր ծրագրի եւ կանոնադրության ընդունումը, մշտապես գործող ղեկավար մարմնի` վարչության նոր կազմի ընդունումը եւ կուսակցության վարչության նախագահի ընդունումը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին, ՔՊ համագումարին հայտարարեց կուսակցության հիմնադիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սրանք բոլորը կարեւոր հարցեր են, որովհետեւ որոշիչ նշանակություն են ունենալու, ոչ միայն մեր կուսակցության, այլեւ մեր երկրի հետագա ընթացքի վրա: Սա մեր երրորդ համագումարն է, որն անցկացնում ենք կառավարող կուսակցության կարգավիճակում, եւս 3 համաժողով մենք անցկացրել ենք որպես ընդդիմադիր կուսակցություն»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասաց, թե ինչպիսի բարքեր էին տիրում Հայաստանում մինչև թավշյա հեղափոխությունը։
«Եւ «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիրները որոշեցին, որ այդպես չպետք է լինի, այդ իրողությունների հետ չպետք է համակերպվել, որ դրա դեմ պետք է պայքարել, որովհետև ընտրությունների շարունակաբար կեղծումները, կոռուպցիան, ամենաթողությունները, ապօրինությունները քամում են, մսխում էին երկրի կենսունակությունը, մսխում երկրի ապագան»,– ասաց նա։
Փաշինյանը խոսքով` իրենք մասնակցություն են ունեցել Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր ընդդիմադիր շարժումներին եւ իրենք այդպես մտածող միակ խումբը չէին ՀՀ–ում․ «Այդ առումով մենք ամենևին էլ բացառիկ չէինք և առաջինը չէինք։ Մենք առաջինն էինք ուրիշ բանում, որ հարց բարձրացրինք՝ եթե ընդդիմադիր շարժումներն ամեն անգամ և շարունակաբար ձախողվում են, գուցե ինչ–որ բան սխալ են անում, գուցե խնդիրը ոչ միայն իշխանության բիրտ և կոռումպացված լինելու, այլև ժողովրդին առաջնորդող ուժի, ընդդիմադիր առաջնորդության գործելու մեր մեթոդաբանության և գաղափարաբանության մեջ է խնդիրը»։
Փաշինյան խոսքով`ՔՊ–ականները քննարկել ու վերլուծել են այս հարցերը․ «Մեր առաջնային խնդիր հռչակեցինք պետության հիմքը նորոգելու հարցը և հանրության առաջ հանդես եկանք կոնկրետ ծրագրով»։


