Մենք թույլ չենք տալու, որ ընդդիմությունը ԼՂ մեր հայրենակիցներին օգտագործի որպես «ցույցի մատերիալ». Ալեքսանյան
Երբ գեներացվում է Լեռնային Ղարաբաղի որոշ ռադիկալ հայացքներով քաղաքացիների խոսքը լրատվականներով ատելություն սերմանող վերնագրերով, դրան ի պատասխան հակառակ քաղաքական հայացքներ ունեցողների կողմից էլ հնչում է պատասխան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Օրինակ, 2 օր առաջ ընդդիմադիր ակցիայի օրը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ, Լեռնային Ղարաբաղի ակտիվիստը ասում է՝ գնացեք, չեմ ուզում ինձ լուսաբանեք։ Ընդդիմադիր լրատվականի լրագրողն ասում է՝ սա մեր հայրենիքն է, չեք կարող քշեք մեզ այստեղից: Սա բաժանարար գիծ չի՞, արցախատյացություն չի՞, ատելության խոսք չի՞: Պատկերացնու՞մ եք նման բան ասեր որևէ պրոիշխանական հայացքներ ունեցող կայք. Կսպանեիք»- ասաց նա:
Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ դատապարտում է, երբ որոշ քաղաքացիներ ասում են՝ արցախցիներին գյուլլելն էլ է քիչ, բայց երբ որոշ լրատվամիջոցներ խոսեցնում են ռադիկալ հայաքներով արցախցիների, որոնք իշխանությունների հասցեին ասում են՝ երեխեքին թաղեմ, կնոջը թաղեմ, ընտանիքը սպանեմ, ծառից թարս կախաղան հանեմ, ու նմանատիպ վերնագրերով նյութեր են լինում, այդ խոսույթին ի պատասխան հնչում է խոսույթ ուրիշ մարդկանց կողմից. «Այդ ժամանակ սկսում եք միակողմանիորեն այդ մարդկանց քննադատել: Ես միանում եմ ձեր քննադատությանը, բայց երբ որ այդ քննադատությունը միակողմանի է, այդ բևեռացումը հենց այն է, ինչը որ ընդդիմությունը ուզում է: Դա հենց այն է, ինչը փորձում է ստանալ ընդդիմությունը:
Պետք է երկկողմանիորեն կոչ անել թե՛ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, որ չդառնան ընդդիմության ձեռքին գործիք, չտարածել ընդդիմության ատելության մոտիվներն ու նարատիվները, անեծքներն ու լուտանքները, և թե մեր քաղաքացիներին ուղղակի բացատրել, որ այս մարդկանց ընդդիմությունը ընդամենը փորձում է օգտագործել սեփական շահերի համար»,-ասաց նա:
Տեսակետին, որ իշխանությունը պետք է հանդուրժող լինի քննադատության նկատմամբ, վահագն Ալեքսանյանն ասաց. «Քննադատությանը միշտ կողմ եմ, ցանկացած տեսակի քննադատության, բայց ես չպետք է պատրաստ լինեմ ատելության խոսքին, ոչ մի մարդ էլ չպետք է ատելության խոսքի պատրաստ լինի: Երբ վարչապետի անչափահաս երեխաների նկատմամբ, իշխանությանն ընտրած 680 000 քաղաքացիների նկատմամբ ատելության խոսք է տարածվում, բռնության կոչեր են հնչում, պետք չի դրան պատրաստ լինել, պետք է դրան հակադարձել սաստման խոսքերով և ոչ թե ատելության խոսքով»:
Լրագրողները հիշեցրին, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ ընդդիմադիրներն ուզում էին արցախցիներին որպես «ցուցի մատերիալ» բերել ու այստեղ իշխանափոխություն անել: Ի պատասխան Ալեքսանյանն ասաց. ««Ցույցի մատերիալը ընդիմության ընկալումն է այդ մարդկանց մասին: Ավելին ասեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին էլ ընդդիմության մեծ մասը պոտենցիալ ստրուկ է ընկալում:
Ակնհայտ է, որ այդ մարդկանց վերաբերմունքը եղել է դա, ու դա եղել է մոտիվներից մեկը, որ ընդդիմությունը ամեն ինչ արել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը դուրս գա Լեռնային Ղարաբաղից, որպեսզի այստեղ փորձի Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին օգտագործել որպես այո ցույցի մատերիալ: Նայց մենք դա թույլ չենք տալու և փառք Աստծո Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները առաջին հերթին թույլ չեն տալիս որպեսզի ընդդիմությունը իրենց օգտագործի որպես ցույցի մատերիալ»: