չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մենք խնամքով ենք վերաբերվում հայ և ռուս ժողովուրդների խոր կապերին. Լավրով

Մենք խնամքով ենք վերաբերվում հայ և ռուս ժողովուրդների խոր կապերին. Լավրով

Հայաստանն ու Ռուսաստանն այսօր գրեթե բոլոր ոլորտներում ունեն բավականին շատ շփումներ և կապեր, որոնք պետք է առավելագույնս ու խելամտորեն օգտագործել։ ՀՀ ԱԳՆ–ում ընդլայնված կազմով հանդիպման մեկնարկին այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
 
«Մենք այսօր էլ խնամքով ենք վերաբերվում ՀՀ–ի հետ մեր դաշնակցային հարաբերություններին, մեր ժողովուրդների միջև խոր կապերին»,– ասաց նա։
 
Լավրովը հիշեցրեց, որ այս տարի նշվելում է ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի պայմանագրի կնքման 30–ամյակը, ինչպես նաև Ռուս–հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման 10–ամյակը։ Նա նաև հիշեցրեց, որ այսօր հայ գործընկերների հետ հայ–թուրքական, հայ–իրանականն սահմաններին շարունակում են ծառայություն իրականացնել նաև ռուս սահմանապահները։
 
Անդրադառնալով մշակութային համագործակցությանը` ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ հոկտեմբերին Մոսկվայում անցկացվելու են հայկական օրեր։
 
ՌԴ ԱԳ նախարարը նաև շնորհավորեց հայ և ռուս ժողովուրդների ընդհանուր տոնը, որը այս տարի բավականին մեծ շուքով տոնեցին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80–ամյակը։
 
«Մենք բարձր ենք գնահատում այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցեց Մոսկվայում անցկացված շքերթին` ի հեճուկս արևմտյան որոշ պաշտոնյաների հրապարակային սպառնալիքներին։ Շքերթի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ մենք հիշում ենք ու գնահատում ենք յուրաքանչյուր ժողովրդի ներդրումը հաղթանակի հարցում, այդ թվում` հայ ժողովրդի»,– ընդգծեց Լավրովը։
 
Նա ասաց, որ իրենք շատ բարձր են գնահատում այն ուշադիր վերաբերմունքը, որ հայկական կողմը ցուցաբերում է Հայրենական մեծ պատերազմի բազմաթիվ հուշարձանների նկատմամբ, ու այն բազմաթիվ միջոցառումները, որոնք այդ օրերին անցկացվեցին Հայաստանում, այդ թվում` «Անմահ գնդի» ակցիան։

  • Կիսվել: