Մենք էլ ենք երիտասարդ եղել. Սպիտակի համայնքապետի ՔՊ–ական թեկնածուն՝ որդու կողմից մարդ ծեծելու մասին
Սպիտակի գործող քաղաքապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանն անդրադարձել է իր որդու՝ Գոռ Նիկողոսյանի մասնակցությամբ նախկին միջադեպին։ Ինչպես հիշեցրել են լրագրողները, նա մի քանի տարի առաջ պայմանական ազատազրկման էր դատապարտվել գյուղերից մեկի կին վարչական ղեկավարի ամուսնուն ծեծելու համար։
Լրագրողները հարցրել են, թե թեկնածուն ինչպես է մտադիր կարգուկանոն ապահովել համայնքում, եթե իր որդին անցել է բռնության գործով։
Ի պատասխան՝ Նիկողոսյանը հայտարարել է, որ դեպքից մի քանի տարի է անցել, և հղում է արել որդու երիտասարդ տարիքին։
«Մենք էլ ենք երիտասարդ եղել։ Երիտասարդ տարիքում ամեն ինչ էլ պատահում է, մի բան կարող է մտքովդ անցնել։ Բայց արդեն քանի տարի է անցել՝ մոտ չորս։ Իմ տղան շատ լավ տղա է», — ասել է Նիկողոսյանը։
Նա նաև հայտարարել է, որ Սպիտակում պետք չէ նորից կարգուկանոն հաստատել, քանի որ այն արդեն ապահովված է։
Թեկնածուի համոզմամբ, համայնքում գրանցված արդյունքներն իր քաղաքական թիմի աշխատանքի հետևանքն են։


