հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Մենք դաշնակիցներ ենք, ռազմավարական գործընկերներ, այսօր հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները. Լավրովը՝ Խաչատուրյանին

Մենք դաշնակիցներ ենք, ռազմավարական գործընկերներ, այսօր հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները. Լավրովը՝ Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Ողջունելով նախագահին Սերգեյ Լավրովը նշել է. «Շնորհակալություն այս հնարավորության համար՝ այցելել Ձեզ, ողջույններ փոխանցել Վլադիմիր Պուտինից և հույս հայտնել, որ Դուք հավանության կարժանացնեք այն օգտակար բանակցությունները, որոնք մենք այսօր այստեղ անցկացրել ենք՝ որպես զարգացում այն հանձնարարությունների, որոնք մեզ տվել են նախագահն ու վարչապետը: Հունվարին իմ գործընկեր Արարատ Միրզոյանը եղել էր Մոսկվայում, հիմա ես Երևանում եմ: Շուտով տարածաշրջանային ֆորումը կլինի: Շատ կարևոր է, որ անցյալ տարվա աշնանը մեր ղեկավարները պայմանավորվել են ամբողջ ծավալով վերականգնել մեր կոնտակտները, և, ահա, համենայն դեպս, ինչը վերաբերում է արտաքին գործերի նախարարությանը, մենք այդ հանձնարարությունը կատարում ենք:

Եվ այսօր մեր գնահատականն այսպիսին է: Առաջինը՝ շատ օգտակար, բաց խոսակցություններ, չփորձելով անտեսել ինչ-որ նրբերանգներ, որտեղ ամբողջությամբ, 100 տոկոսով համընկնում են մեր դիրքերը, բայց որքան բաց և անկեղծ մեկս մյուսի հանդեպ լինենք, այնքան, հնարավոր է, որ ավելի հեշտ լինի իրականացնել այն ամենը, ինչը փոխշահավետ է և՛ Հայաստանի, և՛դա Ռուսաստանի Դաշնության համար: Մենք դաշնակիցներ ենք, մենք ռազմավարական գործընկերներ ենք: Այսօր մենք հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները, մեր երկկողմ հավատարմությունը մեր պարտավորություններին: Այնպես որ, կարծում եմ, որ շատ օգտակար, արձանագրված քաղաքական պահ էր այդ թվում հանրային մակարդակով»:

Շնորհակալություն հայտնելով այցելության համար Հանրապետության նախագահն ասել է. «Ձեր այցը, իրոք, կարևոր նշանակություն մեր հարաբերությունների համար: Այս տարվա ընթացքում արդեն իսկ նկատվում է որոշակի ակտիվություն մեր հարաբերություններում, և այն շարունակություն կունենա: Շնորհակալություն Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքերի համար, խնդրում եմ նրան ևս փոխանցեք իմ լավագույն և ջերմ խոսքերը: Վերջին անգամ մենք հանդիպել ենք Թուրքմենստանում, որտեղ շատ հետաքրքիր զրույց տեղի ունեցավ:

Համոզված եմ, որ Ձեր այցը նշանակում է այն երկխոսության շարունակություն, որը կար և հիմա ընթանում է: Մենք չենք մոռացել և գնահատում ենք այն դրականը, որ կա մեր հարաբերություններում, և մենք պետք է շարունակենք այդ դրական հարաբերությունները: Մեր հարաբերությունները պետք է զարգանան փոխշահավետ պայմաններում, ինչի մասին Դուք ևս նշեցիք: Իրոք, եթե ինչ-որ անհասկացվածություն է լինում, պետք է բաց և անկեղծ խոսակցություն լինի: Երբ հնարավորություն է ստեղծվում բաց և անկեղծ խոսել, ապա բոլոր հարցերը հնարավոր է լուծել:

Այս տարի նախատեսված է Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, որը ևս կարևոր նշանակություն ունի: Նախատեսվում է նաև Հայաստանի մշակութային օրերի անցկացում Ռուսաստանում, ինչը ևս կարևոր է:

Համոզված եմ, որ այն քայլերը, որոնք ձեռնարկվում են և ռուսական, և հայկական ղեկավարությունների կողմից, ուղղված են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը բոլոր ոլորտներում: Այն առաջարկությունները, որոնք հնչել են Հայաստանի և Ռուսաստանի կողմից, կապված տարածաշրջանային խնդիրների լուծման և հարաբերությունների հետագա զարգացման, անվտանգության ոլորտի հետ, մեզ համար կարևոր են: Ես գնահատում եմ Ձեր այցը այս համատեքստում և համոզված եմ, որ այն կօգնի մեր հարաբերությունների ամրապնդմանը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել հատկապես տնտեսական և ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին։ Կարևորվել են ենթակառուցվածքներում ներդրումների խթանումը և ենթակառուցվածքների շարունակական զարգացումը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ երկու երկրների համագործակցությունը պետք է զարգանա փոխշահավետության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների հիման վրա։

 

  • Կիսվել: