Մենք չենք պատրաստվում արտահերթ ընտրությունների, մենք զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքով. Նիկոլ Փաշինյան
«Ինչ որ պետք է նկատի, ՀՀ քաղաքացին կնկատի, այստեղ պետք է ավելի շատ մեր անելիքների մասին խոսենք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ՀՀ-ի դեմ տարվող հիբրիդային պատերազմում ինչին պետք է հատկապես ուշադիր լինի ՀՀ քաղաքացին:
«Ես իմ անելիքը տեսնում եմ ՀՀ քաղաքացիների հետ շփումները հնարավորինս ուղիղ և չմիջնորդավորված ունենալը, դա երբեք չի ընդհատվել: Եթե հետհայաց նայենք, վերջին տարիներին ամեն տարի կան պնդումներ, որ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչի հետ է կապված եղել այդ պնդումը, և ես և մյուս գործընկերները շատ ակտիվ մարզային հանդիպումներ ենք ունենում, ուղիղ շփումներ: Արդեն ծանոթ ձեռագիրն այն է, որ եթե պաշտոնյան անմիջական մոտ տարածությունից քաղաքացի է տեսնում, ուրեմն դա ուղիղ ապացույց է նրա, որ կառավարությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունենրի: Մենք չենք պատրաստվում արտահերթ ընտրությունների, մենք զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքով»,- ասաց նա:
«Ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմին, մեր էներգիան սխալ ուղղությամբ և սխալ տեղ ուղղելու փորձ եմ դիտարկում: Ես միշտ հավատացել եմ քաղաքացու հետ երկխոսությանը և չեմ հավատացել աղմուկին, աղմուկն ուրիշ բան է, քաղաքական ազնվությունը՝ ուրիշ բան: Այնտեղ որտեղ սխալվել ենք, պետք է ընդունենք, այնտեղ որտեղ չենք սխալվել, թեկուզ բոլորը մտածում են սխալվել ենք, պետք է մեր սկզբունքների և ճշմարտության համար պայքարենք և այդ պայքարի մեջ քաղաքացին ինչ-որ պետք է տեսնի, կտեսնի»,- ընդգծեց վարչապետը: