Մաթևոսյանը հայտարարեց՝ COP17-ի շրջանակներում պատրաստ են հյուրընկալել Ադրբեջանի պատվիրակությանը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելիս, անդրադարձավ հարցին, թե ինչպես ստացվեց, որ Հակոբ Սիմիդյանին հանկարծակի փոխարինեց այդ պաշտոնում։
Նա, մասնավորապես, ասաց. «Երբ որոշվեց, որ ՀՀ-ն հյուրընկալելու է COP17-ը, ստեղծվեց կազմկոմիտե, որը ես նախագահեցի։ Որոշվեց նաև, որ COP17-ի նախագահը կլինեմ ես։ Սա մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը։ Երբ պարոն Սիմիդյանը ներկայացրեց աշխատանքից ազատվելու դիմումը, որոշում կայացվեց, որ ես պետք է այդ աշխատանքները շարունակեմ»:
Մաթևոսյանը խոսեց նաև COP17-ի գագաթնաժողովին Ադրբեջանին հրավիրելու մասին։ Նա նշեց, որ հրավիրող կողմը ոչ միայն ՀՀ-ն է, այլ նաև ՄԱԿ-ը։ «Բոլոր երկրները տեղեկացված են օրերի հետ կապված, պաշտոնական հրավեր չի ուղարկվել, առաջիկայում կուղարկվի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Ադրբեջանի պատվիրակությանը պատրաստ են հյուրընկալել։


