երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Մարուքյանն անդրադարձել է Վահե Գրիգորյանի և Սեյրան Օհանյանի հայտարարություններին

Մարուքյանն անդրադարձել է Վահե Գրիգորյանի և Սեյրան Օհանյանի հայտարարություններին

Այսօր լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանն այն մասին, որ ԱԺ-ն մազաչափ իսկ չի մոտեցել ՍԴ-ում առկա ճգնաժամի հանգուցալուծմանը:

Այս առնչությամբ Մարուքյանն ասաց, որ ՍԴ-ի մեկ դատավորի կարծիքով խորհրդարանը չպետք է գործողություններ կատարի:

«Խորհրդարանը ՍԴ դատավորների գերին չէ, խորհրդարանն իր օրակարգը ձեւավորում է քաղաքական ուժերի, խմբակցությունների միջոցով: ԱԺ խմբակցությունը նախաձեռնել էր Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթաց, որն իրականացվեց: Կլինե՞ն այլ նախաձեռնություններ, կքննարկենք, բայց որեւէ մեկը չի կարող օրենսդիր իշխանությանը թելադրել, թե ո՛ր օրը ինչո՛վ զբաղվի»,-մասնավորապես նշեց Մարուքյանը:

Նա անդրադարձավ նաև Սեյրան Օհանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին մյուս նախագահների հետ համեմատելուն և ասաց. «Ինչու՞ է Սեյրան Օհանյանը Քոչարյանին համեմատում մյուս նախագահների հետ. մյուսներն ամբաստանյալներ չեն»: Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գործով անցնում է որպես ամբաստանյալ, եւ նրա նկատմամբ կա կոնկրետ կիրառված խափանման միջոց: «Հետեւաբար՝ պարոն Օհանյանի համեմատությունը, կարծում եմ, տեղին չէ»,-ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

  • Կիսվել: