Մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ. Միքայել Սրբազանը՝ երդմնակալությանը մասնակցելու մասին
Արդեն հայտնել ենք, որ Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունենում նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալությունը: Քաղաքապետի երդմնակալությանը ներկա է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Միքայել Սրբազանը ելույթ ունեցավ և շնորհավորեց նորընտիր քաղաքապետին: «Շնորհավորում ենք մեզ բոլորիս ու մեր կողմից Գյումրու քաղաքապետին այս ծանր պաշտոնն այս ծանր պահին ստանձնելու կապակցությամբ: Եթե անկեղծ լինեմ՝ շնորհավորելու բան չկա քաղաքապետին, մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը: Բայց այն լուծը, որ պարոն Ղուկասյանը քաշելու է, շատ ծանր է ու պարտավորեցնող»,- ասաց Միքայել Սրբազանը:
Նա ասաց, որ ուղիղ 20 տարի է՝ չի մասնակցել քաղաքապետների երդմնակալության արարողություններին, վերջինը երբ մասնակցել է եղել է 2005 թվականին:
«Չեմ մասնակցել շատ հասկանալի պատճառներով՝ այն ժամանակվա և հետագայում իմ մոտեցումները, որ դրել եմ, քաղաքապետարանի իշխանությունները հարգել են իմ այդ մոտեցումները: Այս անգամ ոչ մի մոտեցում չեմ ցուցաբերել: Երբ ինձ եղել է հրավեր նորըտնիր քաղաքապետի կողմից ներկա լինելու երդմնակալության արարողությանը, ոչ մի պայման առաջ չեմ քաշել և ասել եմ՝ կգամ: Այս վիճակում մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ, թե ով է կարևոր հիմա քաղաքում, այդ հարցը քննարկելու ժամանակը չէ:
Մենք պատրաստ ենք միշտ լինելու այնտեղ, որտեղ մեր անհրաժեշտությունը կա: Եթե քաղաքային իշխանությունը գտնում է, որ մեր ներկայությունը անհրաժեշտ է, մենք այստեղ ենք, թեև ավագ շաբաթվա այս օրը մեզ հնարավորություն ընձեռում էր բացակայելու»,- ասաց նա:
Սրբազանը նշեց, որ այն փափուկ իրավիճակում, որ գտնվում են, երբ իրենց բացակայությունը և ինչպես նաև իրենց ներկայությունը զանազան ասեկոսեների առիթ է տալու, ավելի լավ է ներկա լինելու մասին խոսեն և քննեն, քան բացակայության:
«Մեր հակասական բնավորություններով ինձ ու պարոն քաղաքապետին միավորում է այս քաղաքի նկատմամբ սերը, նվիրվածությունը, այսուհետ էլ շատ ու շատ հարցերում մնալու ենք տարբեր: Հիմա մենք լավ օրինակ ենք տալիս յուրաքանչյուրին, որ լինելով բնավորությամբ տարբեր ու հակառակ կարողանում ենք կարևոր հարցերի շուրջ համագործակցել»,- հայտարարեց նա:
Սրբազանը նշեց, որ չպետք է շողոքորթությամբ խանգարեն քաղաքապետին, քաղաքապետին էլ հորդորեց, որ չթողնի շողոքորթեն իրեն, քանի որ անսխալական մարդ չկա: