ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանում ներկայացվել են ՆԳՆ բարեփոխումներն ու քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 15-ին և 16-ին Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Նստաշրջանում հիմնական զեկույցով ներկայացվել է խոշտանգումների կանխարգելման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՆԳՆ բարեփոխումները։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը պատասխանել է Կոմիտեի անդամների հարցերին՝ անդրադառնալով Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը, վերապատրաստումների միջոցով ծառայողների գիտելիքների լավարկմանը, ՆԳՆ օրենսդրական նախաձեռնություններին, մասնավորապես, Ոստիկանության գվարդիային վերաբերող, ինչպես նաև ուժի, հատուկ միջոցների համաչափ կիրառման վերաբերյալ կարգավորումներին։
Արմեն Ղազարյանը անդրադարձել է նաև թվայնացման կոնտեքստում համայնքային ոստիկանության ոլորտում տեսահսկման համակարգերի կիրառությանը, ՆԳՆ ոստիկանության համակարգում ներքին վերահսկողական միջոցառումներին՝ ներկայացնելով Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության գործունեությունը և քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները։
Ընդգծվել է, որ Ներքին գործերի նախարարության ստեղծումը նպաստել է հաշվետվողականության և թափանցիկության բարձրացմանը՝ ամրապնդելով վստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ:
Ներկայացվել են նաև ՁՊՎ-ների օպտիմալացման, ձերբակալված անձանց պայմանների բարելավման, բուժզննության նոր ընթացակարգերին և հանրային վերահսկողության հնարավորություններին վերաբերող հարցեր։
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչները դրական են արձագանքել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին։