երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Լճացման որոշակի ազդակներ կան, գոհ չեմ արձանագրված արդյունքներից. Փաշինյանը՝ հակակոռուպցիոն պայքարի մասին

Լճացման որոշակի ազդակներ կան, գոհ չեմ արձանագրված արդյունքներից. Փաշինյանը՝ հակակոռուպցիոն պայքարի մասին

2018-ից, բոլոր միջազգային զեկույցների համաձայն, ունենք էական առաջընթաց, բայց նաև վերջին շրջանում տեսնում ենք, որ լճացման որոշակի ազդակներ կան: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը, համակարգային փոփոխությունների կարիք տեսնո՞ւմ է:

«Լճացման ազդակներն առաջին հերթին այն մասին են, որ մենք բարեփոխումների ընթացքը պետք է շարունակենք: Կատարողականի հիման վրա վարձատրության համակարգի ներդրումը նաև այդ գիտակցության արդյունքն է, որ մենք հակակոռուպցիոն պայքարում պետք է ավելի վճռական և համակարգային փոփոխությունների գնանք:

Հաջորդիվ մենք պետք է դրա մասին մտածենք տեղական ինքնակառավարման մակարդակում, չնայած ես խնդիրը դրել եմ, ու մինչև հիմա չի լուծվում: Մենք պետք է «զրո կոռուպցիա» քաղաքականություն իրագործենք:

Ես այս պահին գոհ չեմ արձանագրված արդյունքներից, բայց գոհ չլինելու իրադրության մասին մտածելիս նաև անում եմ հետևություններ, որ մենք երբեմն բավարար վճռականություն չենք ունենում ամենատարբեր պատճառներով՝ բարեփոխումների ընթացքը շարունակելու: Մենք պետք է վճռական լինենք և հետևողական»,- ասաց նա:

  • Կիսվել: