երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Լավին՝ լավ, վատին՝ վատ. Փաշինյանի պատասխանը Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է. Արփինե Հովհաննիսյան

Լավին՝ լավ, վատին՝ վատ. Փաշինյանի պատասխանը Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իլհամ Ալիևին տված պատասխանին` գրելով.

«Լավին՝ լավ, վատին՝ վատ։

Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ալիեւին պետական մտածելակերպի դրսեւորում է։ Ոչ մի քայլ նահանջ այս մտածողությունից։ Հենց այստեղ է մեր միասնականության բանալին»։

Հիշեցնենք, որ Աշխաբադում Փաշինյանն արձագանքել էր Ալիևի ելույթին` ասելով.

«Մենք դեմ ենք պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Ցավոք, Իլհամ Ալիեւի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած՝ հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի»-ն կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, եւ հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նույնպե՞ս ես եմ ավերել։ Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է, որ Հիտլերն այդ պատերազմում երկրորդական դեր է խաղացել եւ նացիստական շարժման առաջնորդը եղել է Գարեգին Նժդեհը: Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, պայքարել է հայերի ցեղասպանության դեմ, եւ իրականությունն այն է, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակ Գարեգին Նժդեհը բազմաթիվ ռուս սպաների հետ՝ 1918 թվականին ռազմաճակատի շատ կարեւոր հատված էր ղեկավարում: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ կարևոր է, որ մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը:

Ասում են, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Շատ Խորհրդային գործիչներ են մահացել այդ բանտում, Սոլժենիցինը Գուլագում էր: Մենք կարծում ենք, որ նրանք, ովքեր դատապարտվել են 37-50-ական թվականներին, բոլորը ազգի թշնամի՞ են: Եթե այդպես է, ապա բազմաթիվ ականավոր գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքն ավարտել բանտում: Բայց դա չի նշանակում, որ մենք այդ ամենը պետք է իբրև փաստ ընդունենք: Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը»

  • Կիսվել: