Կուսակրոնության հարցը հոգևոր հարց է, և դա անձնականի հետ մի կապեք․ ՏԿԵ նախարար
Վարչապետը արդեն մեկնաբանել է, ես ավելացնելու բան չունեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը սկսել են քննել, զննել, ուսումնասիրել հոգևորականների անձնական կյանքը և անկողինը։
«Կուսակրոնության հարցը հոգևոր հարց է, և դա անձնականի հետ մի կապեք։
Հրապարակային հարց է հնչել եկեղեցական, գլխավոր կարգերից և պայմաններից մեկի մասով, և կարծում եմ պիտի հրապարակային պատասխան լինի։
Եթե ինձ, որպես պետական պաշտոնյայի, հրապարակային հարց հնչի, օրինակ ես ներգրավված եմ կոռուպցիոն սխեմաների մեջ, թե ոչ, ես հրապարակային պատասխան կտամ»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ խոսքը հոգեւորականների անձնական կյանքի մասին է, ՏԿԵ նախարարն ասաց. «Անձնական կյանք է, եթե խոսքը վերաբերվի աշխարհիկ կյանքով ապրող մարդու, բայց վարդապետների, եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների համար կուսակրոնությունը անձնական կյանք չէ, դա եկեղեցու գլխավոր պայմաններից է և դրանով են նաև տարանջատվում քահանաները, օրինակ վարդապետներից, որովհետև եկեղեցու պայմանն է այդպիսին։
Հարցը հնչել է այդ կոնտեքստում և եթե ես լինեի եկեղեցու ներկայացուցիչների փոխարեն, կտայի հրապարակային պատասխան, այնպես, ինչպես ես ասում եմ, որպես պետական պաշտոնյա, եթե ինձ հարց ուղղվի, օրինակ կոռուպցիոն այս կամ այն սխեմայի մեջ իմ ներգրավվածության մասին, ես չեմ խուսափի այդ պատասխանից և կտամ հրապարակային պատասխան։ Սա սովորական մարդուն վերաբերվող հարց չի, աշխարհիկ կյանքում ապրող մարդուն վերաբերվող հարց չի։ Եվ այո, եթե եկեղեցում կուսակրոնությունը պարտադիր պայման է, այո, պիտի այդտեղ հնչի հրապարակային պատասխան»։
Հարցին՝ ենթադրենք սրբազաններից ոմանք կամ կաթողիկոսի երեխա ունի, պետությունը ինչպե՞ս է պատրաստվում այդ հարցը լուծել, ի՞նչ իրավական մեխանիզմներ կան դրա համար, Խուդաթյանը պատասխանեց. «Հարցը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տիրույթում չէ, թեմային տեղյակ եմ այնքանով, որքանով հրապարակային քննարկումներն են լինում։ Ես ձեր հարցին պատասխանում եմ, որպես հայ քրիստոնյա մարդ, ով հավատում է Աստծուն։ Ընդամենը իմ մեկնաբանությունը հետևյալով է, որ այո, եթե որոշակի պաշտոններից բարձր եկեղեցում կուսակրոնությունը պարտադիր պայման է, դա չի առնչվում միայն եկեղեցուն, դա առնչվում է նաև այն հավատավոր մարդկանց, որոնք հավատում են Աստծուն և հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են»։