«Նկատի է ունեցել իրավապահ համակարգի միջոցով». ԱԽ քարտուղարը՝ Փաշինյանի «ԱԱԾ պադվալները լցնելու» սպառնալիքի մասին
Վարչապետը խոսել է մամուլում կոռուպցիայի մասին հրապարակվող ինֆորմացիայի մասին, Անվտանգության խորհրդի գրասենյակը հավաքագրում է այդպիսի բոլոր հրապարակումները, միասնական, ամբողջական զեկույց է կազմում և տեղեկացնում է վարչապետին: Վարչապետը խոսել է սրա մասին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նախորդ օրը ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որտեղ նա դիմելով ընդդիմադիրներին, ասել էր՝ եթե առաջնորդվենք մամուլի հրապարակումներով, ձեզ պիտի տանենք ԱԱԾ պադվալները լցնենք:
«Այս աշխատանքը մենք երկար ժամանակ կատարում ենք: Բոլորի վերաբերյալ կոռուպցիայի մասին մամուլում տեղ գտած հնարավոր բոլոր ինֆորմացիաները, կարող են լինել ինֆորմացիաները հավաքում ենք: Մեր հիմնական ուշադրությունը նաև կառավարության անդամների, ՏԻՄ մարմիններում աշխատող քաղաքացիների վրա է»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք վարչապետը լիազորություն ունի մարդկանց տանելու լցնելու ԱԱԾ-ի պադվալները, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ իրավապահ համակարգի միջոցով է նկատի ունեցել»:
Նա հերքեց պնդումները, թե նման վարքով գործող իշխանությունը գնում է նախկինների ճանապարհով. «Միանշանակ մենք չենք գնում, այսպես կոչված, նախկինների ճանապարհով: Ի՞նչն է պատճառը, որ Անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով զբաղվում է, որովհետև կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգությանը սպառնալիք: Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է, և Անվտանգության խորհուրդը նաև դրա շրջանակներում աշխատանքներ է կատարում, և հրապարակումները, որոնք կան մամուլում, դրանց մասին մենք հավաքագրում ենք և տեղեկացնում ենք նաև զեկույցով վարչապետին՝ համարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է և ազդում է Հայաստանի անվտանգության վրա»:
ԱԽ քարտուղարն անտեսեց դիտարկումը, թե որքանով է հարիր վարչապետին պատգամավորներին անվանել «համբալ» կամ վիզը կտրելու նշան անել: