հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Խաղաղության պայմանագրի շուրջ այս փուլում աշխատում ենք երկկողմ ձևաչափով․ Փաշինյան

Խաղաղության պայմանագրի շուրջ այս փուլում աշխատում ենք երկկողմ ձևաչափով․ Փաշինյան

Միջազգային գործընկերների ջանքերը հայ–ադբեջանական խաղաղության գործընթացի համար հայկական կողմը արդյունավետ է գնահատում։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Հարցին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը ասել էր, որ ուրախ կլինի, եթե ինչ–որ բան կարողանա անել հայ–ադրբեջանական գործընթացի համար, Փաշինյանն ասաց, որ այս պահին Ադրբեջանի հետ շփումներն ընթանում են երկկողմ ձևաչափով, ու այն որոշակի արդյունավետություն է արձանագրել։
 
«Ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ այս փուլում երկկողմ ձևաչափով ենք աշխատում։ Եթե դեռ այսպես կարողանում ենք առաջ գնալ, ապա այն ճիշտ ձևաչափ է, ես այդ մասին ասել եմ ՌԴ նախագահին մեր վերջին հեռախոսազրույցի ժամանակ։ Եթե խոսում եմ երկկողմ ձևաչափի մասին, դա դեռ չի նշանակում, որ ես բացառում եմ այլ ձևաչափով աշխատանք. առանձին դեպքում առանձին հարցի համատեքստում առանձին ժամանակաշրջանում պետք է դիտարկել նաև այլ ձևաչափեր` արդյունքին միտված տրամաբանությամբ»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Լոնդոնում փորձ արվեց ներկայացնել, թե հայկական կողմը հրաժարավել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից։
 
«Ես ինքս Ադրբեջանի նախագահին դիվանագիտական խողովակներով առաջարկել եմ երկկողմ ձևաչափով հանդիպել։ Ես կարծում էի, որ այդ տրամաբանությունը կարող ենք շարունակել, քանի որ այն արդյունավետ է ու երբ հասունանա պահը բարձրագույն ձևաչափով հանդիպում անցկացնել, ապա չեմ բացառում, որ ՀՀ–Ադրբեջանի սահմանին կարող ենք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում ունենալ, այսինքն` այնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում»,– հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: