«Խաղաղության համաձայնագրի ստորագրման առաջին խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է, այն պետք է փոխվի»․ Ջաֆարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կնքելու համար մի քանի խոչընդոտ կա, և առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է, որում տարածքային հավակնություններ կան Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին այսօր ԱՄՆ Ատլանտյան խորհրդում տեղի ունեցած «Արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրի՞ն են» թեմայով քննարկման ժամանակ ասաց Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի անդամ Էսմիրա Ջաֆարովան։
Նա, մասնավորապես, նշեց. «ՀՀ Սահմանադրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այն Ղարաբաղը ճանաչում է որպես Հայաստանի մաս։ Ադրբեջանն ասում է՝ լավ, եթե մենք պատրաստվում ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ապա անհրաժեշտ է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, առնվազն այն դրույթը, որը տարածքային հավակնություններ է ներկայացնում Ադրբեջանին։ Ո՞րն է երաշխիքը, որ մենք Հայաստանի հետ ստորագրենք խաղաղության համաձայնագիրը և հաջորդը օրը Հայաստանի Սահմանադրական դատարանը չեղյալ չի համարի համաձայնագիրը՝ ասելով, որ այն հակասում է Սահմանադրությանը»։
Ըստ Ջաֆարովայի՝ Ադրբեջանը հասկանում է, որ Սահմանադրությունը փոխելը հեշտ չէ։ Նրա խոսքով՝ թեև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս այս գարնանը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությունն անխուսափելի է, սակայն հայ հասարակությունը միասնական չէ այս հարցում։
Նա նշեց. «Այս հարցում ամեն ինչ հարթ չէ, դա որոշ ժամանակ կարող է պահանջել։ Այդուհանդերձ, բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմանադրական այս պահանջներից»:
Բացի այդ՝ Ջաֆարովան հավելեց, որ խաղաղության համաձայնագրի կնքման երկրորդ խոչընդոտը տրանսպորտային ուղիների և հաղորդակցությունների ապաարգելափակումն է, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։
«Միջանցք» եզրույթից, ըստ նրա, խնդրի էությունը չի փոխվում, այն կարող է կոչվել «ճանապարհ» կամ կիրառվել այլ բառ, սակայն Հայաստանը 2020-ի եռակողմ համաձայնագրով պարտավորվել է երաշխավորել երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ» տեղաշարժը։
Ջաֆարովան նշեց ևս մեկ պատճառ՝ ասելով, որ Հայաստանը վերջերս բավական շատ սպառազինություններ է ձեռք բերում երրորդ կողմերից, մասնավորապես՝ Հնդկաստանից և Ֆրանսիայից։
«Եվ ադրբեջանական կողմում բնական հարց է ծագում՝ ո՞ւմ դեմ է Ֆրանսիան զինում Հայաստանին, ո՞ւմ դեմ են այդ սպառազինությունները կուտակվում։ Այն ստեղծում է մի իրավիճակ, երբ Հարավային Կովկասը սպառազինությունների մրցավազքի տարածքի է վերածվում՝ խաղաղ գործընթացների վրա կենտրոնանալու և խաղաղության համաձայնագիրը կնքելու փոխարեն»,-իր խոսքը եզրափակեց նա:


