Կառավարությունն արել է ամեն ինչ, որպեսզի ԼՂ հայության իրավունքները և անվտանգությունը հասցեագրվեն. ԱԳ նախարար
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, թե բանակցային գործընթացում ինչ դիրքորոշում է ունեցել Հայաստանի կառավարությունը ԼՂ հայության իրավունքների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ապրիլի 16-ին կայացած կառավարության հարցուպատասխանի ընթացքում նախարարը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման գործընթացում՝ թե՛ ուղիղ խոսակցության հնարավորության ստեղծմամբ, թե՛ միջազգային երաշխիքների ձևավորման ճանապարհով։
Ըստ Միրզոյանի՝ այդ նպատակով փորձ է արվել կազմակերպել նաև Սոֆիայի հանդիպումը։
«Մենք վստահ էինք, որ այդ մեխանիզմի ստեղծման պարագայում, այդ երկխոսության հաստատման պարագայում հնարավոր էր լինելու որոշակի հարցեր լուծել»,-նշել է նախարարը։
Միրզոյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությունից և հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ հռչակումից հետո այդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել մի պարզ պատճառով, որ այնտեղ հայություն չկա, որի իրավունքների մասին կարելի է խոսել։
Անդրադառնալով նրան, որ որոշ քաղաքական ուժեր մեղադրել են Հայաստանի կառավարությանը՝ թեման բանակցություններից հանելու մեջ, նախարարը նշել է, որ այս կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց իրավունքները և անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի։
«Կրկնում եմ՝ այս կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց իրավունքները և անվտանգության հարցը որևէ կերպ հասցագրվի։ Եվ հիմա մեղադրել մեզ օրակարգից հանելու մեջ այն պայմաններում, երբ մենք այս հարցի մասին խոսում էինք և ասում էինք, որ նշաձողը իջեցնել է պետք և այդ դեպքում կարող ենք խոսակցություն ունենալ»,- ընդգծել է Միրզոյանը։