Կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ․ ուղիղ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից 26-ը չի զեկուցվում:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին,
- Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԵՐԵՎԱՆ-ԿԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին եւ այլ հարցեր:
ՀՀ կառավարության անդամներն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 23 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը, այն որակեց որպես «հարձակում Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ»։


