Ջերմուկի տարածքները և հայկական մյուս տարածքները կվերադառնան ՀՀ-ին դիվանագիտության միջոցով, մենք տեսնում ենք դրա հնարավորությունը. Կարապետյան
«Աշխարհում անցել են այսպիսի մոդելի․ սահմանային առաջին կետերում հիմնականում տեղակայվում են տեխնիկական միջոցներ, որոնք մինչև 25 կմ խորությամբ վերահսկում են հակառակորդի կամ սահմանակցի շարժը և կարողանում են կանխարգելիչ տեղեկություններ, որպեսզի հիմնական ուժերը պաշտպանական դիրքեր դուրս գան»։ Այս մասին այսօր «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Ինչպես մեզ բացատրում են մասնագետները՝ աշխարհը պոստային համակարգից անցում է կատարում խելացի սահմանի համակարգին։ Սահմանը կենտրոնական շտաբին տեղյակ է պահում, որ կա շարժ և այդ ժամանակ այնտեղ հատուկ խմբեր են գործուղվում։ Իհարկե, ես մի փոքր պարզեցված եմ ներկայացնում։ Այս ամենի հիմնական նպատակն այն է, որ զորքը վերապատրաստում անցնի և դիրքեր բարձրանա միայն անհրաժեշտության ժամանակ։ Այսինքն, դիրքերում մշտական տեղակայվող զինվորների թիվը պետք է նվազի, քանի որ նրանք պետք է վերապատրաստում անցնեն։ Հիմա մենք բանակցում ենք, որպեսզի մեր երկիրը հնարավորություն ունենա խելացի սահման ստեղծելու պայմանագիր կնքելու»:
Խոսելով այն մասին, թե ի՛նչ հուշագրեր են ստորագրվել այսօր, Կարապետյանը նշեց. «Ընկերություններից մեկը զբաղվում է հատուկջոկատայինների վերապատրաստմամբ, տարբեր երկրներին այդպիսի ծառայություններ է մատուցում։ Հուշագիր ստորագեցինք, որպեսզի հետագայում մեր երկրում էլ նման վերապատրաստման դասընթացներ կարողանանք իրականացնել։ Հունական ընկերությունը նույնպես վերապատրաստումների իրականացմամբ է զբաղվում, սակայն ավելի լայն իմաստով, նրանք վերապատրաստում են ոչ միայն հատուկջոկատայիններին, այլև ընդհանուր զորատեսակներին»։
Նա պարզաբանեց նաև, թե ինչու են ընտրել Ջերմուկը՝ որպես «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի ներկայացման վայր: Այս առնչությամբ Կարապետյանն ասաց. «Ջերմուկը խորհրդանիշն է խաղաղ Հայաստանի։ Այն երբեք սահմանային չի եղել, բայց այսօր դարձել է սահման։ Սա ցույց է տալիս մեր մարտահրավերների լրջությունը։ Հայաստանի տուրիստական կենտրոններից մեկը դարձել է սահմանային, ավելին՝ այստեղ հակառակորդն առաջ է եկել հայկական սուվերեն տարածքում։ Սա է ցուցանիշը վերջինի 8 տարիների Հայաստանի սխալ դիվանագիտության։ Ջերմուկի տարածքները և հայկական մյուս տարածքները կվերադառնան Հայաստանին դիվանագիտության միջոցով, քանի որ դրանք հայկական սուվերեն տարածքներ են։ Մենք տեսնում ենք դրա հնարավորությունը»։


