ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ջահերով երթն այս տարի ավելի քան երբևէ կարևոր է. ընդդիմադիր պատգամավոր

Ջահերով երթն այս տարի ավելի քան երբևէ կարևոր է. ընդդիմադիր պատգամավոր

Ջահերով երթն այս տարի ավելի քան երբևէ կարևոր է, որովհետև տեղի է ունենում մի պայմաններում, երբ կասկածի տակ է տրվում Հայոց ցեղասպանության փաստը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
 

«Արվում են հայտարարություններ, որոնք երբեք չէինք պատկերացնում, որ հայկական պետության ներկայացուցիչները կարող են անել»,– ասաց պատգամավորը` հիշեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի այն հայտարարությունները, որ ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելն իրենց քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ։

Վարդանյանի խոսքով` Անկախության հռչակագիրը խնդրահարույց է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի համար, որովհետև հռչակագրում կա նաև ամրագրված, որ ՀՀ-ն սատար է կանգնում Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

«Ես ուզում եմ հասկանալ՝ 110-րդ տարելիցին ընդառաջ ի՞նչ միջոցառումներ ունենք, հանձնաժողով կազմվե՞լ է, թե՞ ոչ։ Եվ քանի որ պետական միջոցառումներից տեղյակ չենք, կարծում ենք, որ ջահերով երթն այն տեղն է, որտեղ մեր հանրությունը կարող է արձագանքել՝ այս քաղաքականությանը համաձա՞յն է, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը
Ինչ վերաբերում է ջահերով երթի շրջանակում Թուրքիայի դրոշն այրելուն, ապա Վարդանյանը նշեց, որ դա քաղաքական ակցիա է։

«Անկեղծ ասած, ես երբեք չեմ հասկացել նրանց, ովքեր այդքան սրտացավությամբ են վերաբերվում Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներին։ Թուրքիայի պետությունը ձևավորվել է նաև Հայոց ցեղասպանության հիման վրա և պահպանել է նույն սիմվոլիկան։ Դուք պատկերացնո՞ւմ եք` եթե Գերմանիան պահպաներ ֆաշիստական Գերմանիայի սիմվոլիկան։ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Արցախում։ Ես հիմա հարց եմ տալիս՝ այս դրոշների հանդեպ սրտացավությունն արդարացված կարո՞ղ է լինել»,– ասաց նա։

Հիշեցնենք` ջահերով երթն անցկացվում է 1999 թվականից։ Այս տարի նույնպես ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին, երթ կանցկացվի, որը կմեկնարկի Հանրապետության հրապարակից։

  • Կիսվել: