Իշխանությունը չպետք է պատկանի հարուստ մարդկանց․ Խաչատուր Սուքիասյան
Փոքր և միջին բիզնեսը հարկերից ազատելու «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական խոստումները ընդամենը «քաղաքական հայտարարություններ» են, որոնք Հայաստանում երկար տարիներ հնչել են։ Այս մասին այսօր, ապրիլի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նա նշեց, որ փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը նվազեցնելու վերաբերյալ որոշումներ արդեն եղել են։ Մասնավորապես՝ 2000 թվականներին հենց ինքն է հեղինակել մի օրենք, որի համաձայն ՓՄՁ-ն հարկվում էր պարզեցված հարկով։
«Ես ինքս այդ առաջարկը արեցի, պարզեցված հարկի, հետո ես չեմ եղել Հայաստանում 2007-ից հետո, որոշակի փոփոխության էին ենթարկել, երբ որ հարցրեցի ինչիո՞ւ եք այս ձևի փոփոխել, ասեցին, որ խոշորները սկսել են օգտվել այդ հնարավորությունից։ Երբ որ ցանկացած գործունեություն չի հարկվում, դա նշանակում է, որ ինքը ճանապարհ է բացում ստվերի», - ասաց նա, հավելելով, որ «չի կարող մի դաշտում մեկը հարկ վճարի, մյուսը չէ, դա անհնար բան է, այդպիսի էկոնոմիկա գոյություն չունի»։
Գալիք ընտրությոուններում իր չառաջադրվելու մասին հարցին Սուքիասյանը պատասխանեց, որ դա բացառապես իր որոշումն է, քաղաքական թիմի ու վարչապետի հետ այն չի քննարկվել, և վարչապետի այն հայտարարության հետ, թե գործարարներ ու օլիգարխներ կառավարության մեջ չպետք է լինեն, կապ չունի։
Նա նշեց, որ իշխանությունը չպետք է պատկանի հարուստ մարդկանց։ Նրանք կարող են մանդատ ունենալ, եթե փորձ ունեցող մարդիկ են, բայց ոչ իշխանություն, քանի որ «բիզնեսմենի գիտակցությունը, որպես այդպիսին և պետական համակարգի կառավարման, դրանք տարբեր բաներ են»։
«Դու պետք է շատ լավ բիզնեսը հասկանաս, որպես կառավարիչ, բայց դու պետք է այլ սկզբունքներից կառավարես երկիրը, որպես պետական գործիչ։ Երբ որ մասնավոր է գալիս, ինքը պետական ինստիտուտների դերը, նշանակությունը, խստությունը, բյուրոկրատիայի աստիճանը չի գիտակցում։ Որովհետև մասնավորը, ինքը որոշումներ է կայացնում, ինքն է կորցնում, իսկ պետությունը չի կարող այդպես, որովհետև պետությունը բոլորինն է», - ասաց նա։


