հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իշխանությունները մտադիր են երկաթուղային նոր ճյուղ կառուցել Ֆիոլետովո գյուղի հատվածում. Փաշինյան

Իշխանությունները մտադիր են երկաթուղային նոր ճյուղ կառուցել Ֆիոլետովո գյուղի հատվածում. Փաշինյան

Իշխանությունները մտադիր են երկաթուղային նոր ճյուղ կառուցել Ֆիոլետովո գյուղի հատվածում, որպեսզի Հայաստանն ունենա արևելքն ու արմուտքն իրար կապող ամենակարճ երկաթուղին։ Այս մասին այսօր Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
 
Նա,  մասնավորապես, նշեց. «Հաղարծինի սողանքը պետք է վերացնենք, շատ մեծ փող է՝ մոտ 500 մլն դոլար։ Եթե էն մեր մտածածն իրոք արդարանա, որ ամենակարճ երկաթուղին է, էդ փողը կգտնվի, որովհետև ներդրողը կհասկանա, որ հետ է բերելու էդ փողը։ Ֆիոլետովոյի հատվածում Վանաձորի ու Իջևանի ճյուղերն իրարից 6 կմ են հեռու, էդ երկու մասը պետք է կպցնել իրար, ու մենք ունենում ենք Արևելք-Արևմուտք ամենակարճ երկաթուղին, իհարկե, մի քիչ թեքություններն էլ պետք է ուղղել, «подъем-ը» շատ ա»:
 
Ըստ վարչապետի՝ այս ամենի ամենակարևոր արդյունքն այն է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է. ինչպես ավելի վաղ ասել էր «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ՝ հուսահատ ընկալվող աշխարհագրական դիրքը փոխարինվել է ու դարձել հուսավառ։
 
«Աչաջրի, Իջևանի աշխարհագրական դիրքը փոխվել ա, Աչաջուրն ու Իջևանը միշտ ստեղ են եղել, բայց նախկինում մեր ընկալումն էն ա եղել, որ «վայ, էս ինչ սարսափելի աշխարհագրական դիրք ա», հիմա կողքից մարդիկ ասում են՝ «լսեք, ձեր աշխարհագրական դիրքն աշխարհում ամենալավն ա»,-շեշտեց Փաշինյանը և  հիշեցրեց, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, թե Հայաստանը Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենակարճ ճանապարհն է։
 
Փաշինյանի խոսքով՝ այդ ճանապարհն անցնում է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով։ Նրա խոսքով՝ այսօր միջազգային ներդրողներ են գալիս և առաջարկում՝ «չափել Ադրբեջանից Հայաստան ամենակարճ ճանապարհը, միջազգային բեռնատարների համար վճարովի դարձնել ճանապարհները»։ Նա նաև պնդեց, թե ներդրողները պատրաստ են ներդնել որքան անհրաժեշտ է, քանի որ վստահ են, որ բեռնատարները նախընտրելու են հենց այս ճանապարհը:

  • Կիսվել: