Իշխանությունները լվանում են ձեռքերը Ղարաբաղից. Վարդան Պողոսյան
Բանակցային գործընթացը գնում է այն ուղղությամբ, որ Հայաստանի իշխանությունները լվանում են ձեռքերը Ղարաբաղից եւ չեն ցանկանում առհասարակ անդրադառնալ այդ հարցին, ինչը Հայաստանի Սահմանադրության կոպիտ խախտում է։ Այս մասին նոյեմբերի 9-ի քննարկման ժամանակ ասել է իրավաբան Վարդան Պողոսյանը։
Նրա խոսքով, երբ Հայաստանի ներկայիս իշխանություններն իջեցնում են նշաձողը եւ ելնում այն բանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառում է նաեւ ինքնիշխանություն Ղարաբաղի հանդեպ, ինչը բխում է սեպտեմբերի վաշինգտոնյան հայտարարությունից, իսկ վարչապետն ասում է, որ Հայաստանը հնարավորություն չունի պաշտպանել Ղարաբաղի իրավունքները, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները խախտում են Սահմանադրությունը եւ Անկախության հռչակագիրը։
Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խեղաթյուրել կամ ըստ իր ցանկության փոխել Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության դրույթները, որոնցում կան ցանկացած իշխանության կողմից պարտադիր կատարման ենթակա դրույթներ։ «Հայաստանն իր քաղաքականությունում պաշտպանված է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքով եւ փաստով, եւ ցանկացած խեղաթյուրում, ցանկացած գործողություն Ղարաբաղի ինքնորոշման դեմ Հայաստանի Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության խախտում է։ Եթե ներկայիս իշխանությունները գործն այնտեղ հասցնեն, որ ապագա հնարավոր խաղաղության պայմանագրում կամ սահմանազատման մասին փաստաթղթում որեւէ զիջման գնան Ղարաբաղի հարցում կամ ներառեն Հայաստանի տարածքային ամբողջականությանն սպառնացող դրույթներ, ապա դա կդառնա Սահմանադրության խախտում, իսկ Սահմանադրական դատարանը պետք է հաստատի այդ փաստաթղթի հակասահմանադրականությունը։ Հետեւաբար, Հայաստանի խորհրդարանը իրավունք չի ունենա քննարկել այն»,- ավելացրել է փորձագետը։
1991թ. Ալմաթիի հռչակագրի եւ տարածքային ամբողջականության վկայակոչումը Պողոսյանն անվանել է Հայաստանի իշխանությունների դիլետանտության դրսեւորում, իրականության խեղաթյուրում, եւ որ լռության է մատնվում այն, որ 1992թ. հռչակագիրը վավերացվել է վերապահումներով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ Երեւանը չի ճանաչում Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի իշխանությունը։
Նա հիշեցրել է, որ համազգային նպատակների մեջ են մտնում Արցախի ինքնորոշումը, Արցախի ինքնորոշման փաստը եւ Հայոց ցեղասպանության ճանաչումը։
«Ադրբեջանն ավելի լավ է հասկանում, թե ինչ է գրված Հայաստանի Սահմանադրությունում, քան Հայաստանի ներկայիս իշխանությունները»,- ընդգծել է իրավաբանը։


