Իշխանությունների հիմնական թիրախներից մեկը նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքն են․ Օհանյան
Այսօր ականատեսն ենք լինում վտանգավոր մի երևույթի` ՀՀ գործող իշխանության վերահսկողության տակ գտնվող պետական ու քարոզչական ողջ ապարատը գործում է մեկ նպատակի համար` նսեմացնել այն ամենը, ինչ արվել է այս պետության ստեղծման և հզորացման համար` մինչև իրենց իշխանության գալը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այս մարդիկ փորձում են արժեզրկել ու վարկաբեկել բոլոր այն մարդկանց, որոնք զրոյից, քարը քարի վրա դնելով, մետր առ մետր առաջ գնալով աստիճանաբար կայացրել են անկախ Հայաստանն ու Արցախը»,– ընդգծեց նա։
Օհանյանի խոսքով` իշխանությունների հիմնական թիրախներից մեկը նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքն են։
Ըստ նրա` ամեն անգամ, երբ ընդդիմությունը բարձրացնում է կարևոր, բովանդակային որևէ թեմա, իշխանությունները, պատշաճ պատասխանելու փոխարեն, բեմադրում են բախում, աղմուկ, ցածրորակ շոու։
«Սկսում են գոռգոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել։ Ամեն ինչ արվում է մեկ նպատակի համար` խեղդել թեման, փշրել բովանդակությունը, քաղաքական դաշտը վերածել Նիկոլ Փաշինյանի սրտի քաղաքական թատրոնի։ Այդ թատրոնի իմաստը մեկն է` ժողովրդին հիասթափեցնել պետությունից, պաշտոնյաներից, քաղաքական գործընթացներից, ըստ էության` մոլորեցնել իրականությունից»,– վստահեցրեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Օհանյանն այն կարծիքին է, որ գործող իշխանությունների ամենախորքային ու իրական վախն այն է, որ նրանցից շատերն արդեն իսկ գիտակցել են, իրավական և բարոյաքաղաքական պատասխանատվությունն է, որ անխուսափելիորեն սպասում է նրանց մոտ ապագայում։