Իշխանությունը փորձում է քաղաքական-տեղեկատվական կառավարումն իր ձեռքում կենտրոնացնել․ Աբրահամյան
Իմ տպավորությամբ, երեկ իշխանության կայքում հրապարակված «հեղաշրջման պլանով» և այսօր տեղի ունեցող խուզարկություններով իշխանությունը փորձում է օրակարգ պահել, քաղաքական-տեղեկատվական կառավարումն իր ձեռքում կենտրոնացնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Նույն պատճառով մի քանի օր առաջ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց էին ոստիկանություն «զրույցների» հրավիրում:
Իշխանությունը խուլիգանական և անշնորհք գրառումներով, արհեստական ուռճացված թեմաներով անընդհատ փորձելու է դաշտ ներարկել երրորդային բնույթի տեղեկություններ, իսկ իրենց ուժայինները երկրում ամեն օր ծաղկող հանցագործությունների դեմ պայքարելու փոխարեն սպասարկելու են իշխող կառավարչի անտաղանդ թատրոնը»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ իրավապահները վաղ առավոտյան խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։