Իշխան Զաքարյանին չենք դիմել. Արծվիկ Մինասյանը՝ արտահերթ նիստի պահանջին 3 ընդդիմադիր պատգամավորների չմիանալու մասին
Իշխան Զաքարյանին չենք դիմել, որովեհտև այն նախագիծը չէր, որը պահանջում էր 36 ստորագրություն, 27 ստորագրությունն էլ էր բավարար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ պարզաբանելով, թե արտահերթ նիստ գումարելու պահանջին ինչո՞ւ ոչ բոլոր ընդդիմադիր պատգամավորներն են միացել:
«Մտքներովս չի անցել, որ հանրության մեջ կարող է այդպիսի հարց առաջանալ՝ ինչու ոչ 36, այլ 33 ձայն, որովհետև անհրաժեշտ էր ընդամենը 27 ձայն նախագիծը ներկայացնելու համար: Երկու խմբակցություններն էլ ստորագրել են, պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը և Տարոն Մարգարյանը զուտ տեխնիկական պատճառով չեն ստորագրել: Եթե չեմ սխալվում՝ սգո արարողության մասնակցությամբ պայմանավորված»,-հավելեց նա:
«Իշխանությունը փորձում է խուսափել այս նախագծի քննարկումից, փորձում է այս նախագծին տալ այլ բնույթ, թե իբր, իմպիչմենթի նախաձեռնությունը չկարողացան իրականացնել, սա են փորձում անել: Մինչդեռ, այս երկուսը իրար հետ բացարձակ կապ չունեն: Մայիսի 9-ին՝ հանրահավաքի ժամանակ , Բագրատ Սրբազանը նշեց այս նախաձեռնության մասին, և «Հայաստան» ու «Պատիվ» ունեմ խմբակցությունները արագ որոշեցին ընթացք տալ այս նախաձեռնությանը: Արձանագրենք, որ այս խորհրդարանի գործունեության ընթացքում առաջին անգամ ուղերձի նախագիծ պատրաստվեց, որի էությունը, ոչ թե ինչպես իշխանությունն է սիրում կրկնել, ժողովրդի տված ձայներով ձևավորված իշխանությունը վերցնելն է, այլ առաջարկ, պահանջ, որ իշխանություն համարվող այս խումբը ինքը իր մեջ գտնի փոփոխության հնարավորություն»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ Ազգային ժողովի ուղերձի նպատակը եղել է այն, որ ԱԺ-ը դիմի գործադիր իշխանությանը՝ հակածրագրային գործունեությունը դադարեցնելու պահանջով:
Նրա խոոսքով, կառավարության ծրագրի փոփոխության այլ տարբերակ չկա. կառավարությունը պետք է հրաժարական տա, ձևավորվի նոր կառավարություն, ներկայացնի նոր ծրագիր:
«Քաղաքական մեծամասնություն կոչված խմբակը պատրաստ չէ նույնիսկ իր ընդունած ծրագիրը, որը հակասում է իրենց գործողություններին, փոփոխության ենթարկել»,-նշեց Արծվիկ Մինասյանը:


