Ինձ ահազանգեցին, որ երեխաները լուրջ խնդիրներով են ծնվում․ Նաիրա Զոհրաբյանը՝ Արծվանիկում թունավոր թափոնների մասին
Հիմա մարդիկ Արծվանիկում թունավորվում են, ինձ ահազանգեցին, որ առողջական խնդիրներ կան, երեխաները լուրջ խնդիրներով են ծնվում։ Այս մասին այսօր ԱԺ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ։
«Հասկանում եմ, որ կոմբինատը ընտանիքներին փոխհատուցում է, բայց այնտեղ հողերը բերրի չեն։ Հիմա մարդիկ թունավորվում են, ինձ ահազանգեցին, որ առողջական խնդիրներ կան, երեխաները լուրջ խնդիրներով են ծնվում։ Լավ, էդ տուգանքները վճարեցին, տուգանքով մարդկանց առողջությունը վերականգնելո՞ւ ենք, տուգանքով էդ հողերը, որոնք «Չենոբիլի» են վերածվել, վերականգնվելո՞ւ են։ Այլ մեխանիզմ կա՞ նման երևույթները կասեցնելու համար, որովհետև տուգանքը տվեցինք, այն գնալու է պետական բյուջե, դրանցից ի՞նչ է շահելու գյուղացին»,- ասաց Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ թունավոր թափոնների առումով Արծվանիկն ամենառիսկային պոչամբարն է։
Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց․
«Խոսքն այն մասին չէ, թե ինչ տուգանգ պետք է վճարվի, այլ ինչպես պետք է կանխարգելվի, հետո վերականգնվի»։
Նա նշեց, որ «աղտոտիր, վճարիր» սկզբունքով քաղաքականությունը փոխվում է։
Նրա խոսքով՝ Արծվանիկի հետ կապված 2008-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 12, 5 մլն տոննա հանքաքար մշակելու համար հողերրը ստացել էր, իսկ հետո էլ 22 մլն տոննա հանքաքար մշակման համար։


