ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ինչո՞ւ են Սամվել Բաբայանի «մտերիմները» միայն հիմա հիշել արցախցիներից «թալանված» գումարների մասին. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ են Սամվել Բաբայանի «մտերիմները» միայն հիմա հիշել արցախցիներից «թալանված» գումարների մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երևանի Նաիրի Զարյան 17 Ա հասցեում գտնվող Արցախի ներկայացուցչության դիմաց բավականին թեժ էր։ Արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպովը և նրան սատարող մոտ 2 տասնյակ արցախցիներ պահանջում էին հանդիպում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, ու դա անում էին կռվով՝ գոռգոռոցներով ու լրագրողների վրա բղավելով, վիրավորելով, խուլիգանական վարք դրսևորելով:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս նույն անձինք էին, որ Արցախում 2018 թվականին առաջիններից հայտարարեցին, որ սատարում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը: Նույն այս անձինք նաև սերտ հարաբերությունների մեջ են Սամվել Բաբայանի հետ, որն ամեն բան անում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին վտարանդի պաշտոնից զրկելու, պաշտոնանկ անելու համար:

Ու, կարծես թե, այս խումբը իր առջև պլան է դրել այս անգամ ամեն գնով նպատակին հասնելու:

Թեեւ երեկ ակցիայի մասնակիցները իրենց նպատակը այսպիսին հռչակեցին. «նախագահ Սամվել Շահրամանյանը պետք է վերադարձնի բոլոր այն գումարները, որոնք թալանվել են արցախցիներից և տրամադրի բռնի տեղահանված արցախցիներին՝ կենցաղային խնդիրները լուծելու համար», սակայն նրանք իրականում երեկ թաքուն բացահայտեցին, որ այս լոզունգներով ՀՀ ընտրություններում որպես երրորդ ուժ են ցանկանում հանդես գալ:

Ակտիվիստ Արթուր Օսիպովը նշեց, որ Արցախից թալանվել է մոտավորապես 467 մլն դոլար, որը փոխանցվել է 48 ընտանիքի, իսկ թե ովքեր են այդ ընտանիքները, Օսիպովը խուսափեց անուններ տալուց։

Թե ինչու են նոր հիշել այս «թալանի» մասին, անգամ արցախցիների համար է տարօրինակ:

Նկատենք, որ շատ արցախցիներ երեկ վատ էին զգում ագրեսիվ այս երիտասարդների պահվածքի համար և լրագրողներից ներողություն խնդրեցին նրանց փոխարեն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: