չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իմ ոչ մի որոշման համար չեմ փոշմանել ու չեմ փոշմանելու. բոլորս գիտենք՝ ինչ եղավ Արցախի հետ. Արգիշտի Մեխակյան

Իմ ոչ մի որոշման համար չեմ փոշմանել ու չեմ փոշմանելու. բոլորս գիտենք՝ ինչ եղավ Արցախի հետ. Արգիշտի Մեխակյան

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը հպարտ է, որ իրեն ավելի շատ ընկալում են որպես Մեխակ Մեխակյանի որդի, ով արցախյան գոյամարտի մասնակից էր։

«Ես շատ ուրախ եմ ու հպարտ, կյանքում իմ կատարած ոչ մի որոշման համար չեմ փոշմանել ու, կարծում եմ, որ չեմ փոշմանելու»,- լրագրողներին ասաց նա։

Մեխակյանը նշեց՝ լավ կլիներ լրագրողները հարց տային այն մարդկանց, որոնք իր հոր անունը շահարկելով, փորձում են քաղաքական շահ հետապնդել կամ ցեխոտել իր անունը։

Անդրադառնալով խոսակցություններին՝ որ իր հայրն Արցախն է ազատագրել, իսկ ինքը կանգնել է Արցախը հանձնողների կողքին՝ ՔՊ-ականն արձագանքեց. «Արցախի հետ ինչ եղել է՝ եղել է բոլորիս աչքի առաջ, բոլորս գիտենք՝ ինչ եղավ Արցախի հետ»։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։

  • Կիսվել: