Իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց որոշողը ՀՀ ժողովուրդն է. Փաշինյան
Նորից ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը և նորովի կարդալով՝ ես ասել եմ, որ այդ տեքստն այն մասին է, որ Հայաստանի անկախ Հանրապետություն, պետականություն չի կարող լինել, դա անհնար է: Եթե սա ասում եմ, ես չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ կարծիքով` նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին: Բայց էլի ուզում եմ ասել՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է: Իհարկե, կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են, քաղաքական առաջնորդները: Դա իմ քաղաքական դիրքորշումն է»,- ասաց նա:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ նոր Սահմանադրության հարց օրակարգում է եղել անմիջապես 2018 թվականի հեղափոխությունից հետո, ապա խոսեց պատճառներից, թե ինչու է կարծում՝ Սահմանադրության նոր տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին:
«Հիմնական խնդիրը, որ ես տեսնում եմ, հետևյալն է, որ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև օրգանական կապի խզում ունենք, և ես դա տեսնում եմ ամեն օր, իմ ամենօրյա աշխատանքում, մեր ընկալումներում: Եվ ես շատ մտածել եմ, թե ինչն է դրա պատճառը: Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ իրավակարգը, որը բխում է Սահմանադրությունից, կտրված է ժողովրդից մի պարզ պատճառով, [այն է՝] սահմանադրական բոլոր հանրաքվեները, հանրային համոզվածության համաձայն, ժողովրդի անհրաժեշտ թվով ձայներ չեն ստացել: Այլ կերպ ասած՝ հանրաքվեների արդյունքները մանիպուլացվել կամ կեղծվել են: Ես ինքս էլ՝ որպես լրագրող, լուսաբանել եմ բոլոր հանրաքվեները»,- ասաց նա: