չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Հուսով եմ՝ եվրոպացի գործընկերներն ու ՄԽ համանախագահները կխրախուսեն Ալիևին՝ ընդունել իմ բանաձևը. Փաշինյան

Հուսով եմ՝ եվրոպացի գործընկերներն ու ՄԽ համանախագահները կխրախուսեն Ալիևին՝ ընդունել իմ բանաձևը. Փաշինյան

«Հայկական զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ կացնի հարվածներով սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ գտնվում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցելու նպատակով: Այդ դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին: Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտվելուց մի քանի տարի անց ադրբեջանցի սպան արտահանձնվեց իր երկիր: Հայրենիքում նա ընդունվեց որպես ազգային հերոս, նրան ներում շնորհվեց նախագահ Իլհամ Ալիևի կողմից, նա ստացավ պաշտոնի բարձրացում և ապահովվեց Բաքվում բնակարանով»,-Ադրբեջանի՝ իրեն «առանձնահատուկ կոշտ» բնորոշելունն ի պատասխան՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում:

Վարչապետն ասել է, որ մենք ունենք հակամարտություն, և այն պետք է լուծվի: «Երբ ես դարձա վարչապետ, մի բանաձև առաջարկեցի: Ես ասացի, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես միակ հայ ղեկավարն եմ, ով նման բան է հայտարարել: Իմ երկրում ես ծանր քննադատությունների արժանացա: Շատերն ասացին՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի ղեկավարը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի մասին»,-նշել է Փաշինյանը:

Ըստ ՀՀ վարչապետի՝ որևէ լուծում կարող է կայուն լինել, եթե հաշվի են առնվել հակամարտության երեք կողմերը. «Ես հույս ունեի, որ նախագահ Ալիևը իմ հայտարարությանը նման հայտարարությամբ հանդես կգա: Մեկ տարուց ավելի է՝ սպասում եմ, բայց դեռևս լուր չունեմ այդ մասին: Եթե դա տեղի ունենա, մենք իրական առաջընթաց կունենանք բանակցություններում: Հուսով եմ, որ եվրոպացի գործընկերներն ու Մինսկի խմբի համանախագահները կխրախուսեն Ալիևին՝ ընդունել այս բանաձևը. Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես կհասկանայի, եթե Ադրբեջանի նախագահը նախ և առաջ նշեր Ադրբեջանի ժողովրդին: Ընդունելի կլիներ»:

 

  • Կիսվել: