շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հունվարից նոյեմբեր ժամանակահատվածում ՊՎԾ-ում 83,7 մլն դրամի պարգևավճար են ստացել

Հունվարից նոյեմբեր ժամանակահատվածում ՊՎԾ-ում 83,7 մլն դրամի պարգևավճար են ստացել

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար կազմը և աշխատակազմի մյուս անդամները ընթացիկ տարում յուրաքանչյուր ամիս պարգևավճար են ստացել, գրում է factor.am-ը:

Կայքը նշում է, որ հունվարից մինչև նոյեմբեր ժամանակահատվածում ՊՎԾ-ում բոլորը միասին 83,7 միլիոն դրամի /176 հազար ԱՄՆ դոլար/ պարգևավճար են ստացել: Այս մասին փոխանցում են Պետական վերահսկողական ծառայությունից:

Կառույցի պարգևավճարների բյուջեն 2019 թվականին կազմել է 123, 327 մլն դրամ, իսկ աշխատավարձինը՝ 418 մլն դրամ: ՊՎԾ-ից հրաժարվել են տրամադրել անվանական պարգևավճարների ցանկը՝ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:

Ի դեպ, ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պահպանության գործակալության նախկին պետ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը նախկինում Factor.am-ի հետ զրույցում պնդել էր, որ պարգևավճարների հրապարակումն օրենքի խախտում չի համարվում:

Նշվում է նաև, որ նախորդ տարի Երևանի քաղաքապետարանի կողմից 474 մլն դրամի կամ 974 հազար ԱՄՆ դոլարի պարգևատրումների մասին Factor.am-ի հրապարակումից հետո ծագած հանրային դժգոհության ֆոնին Երևանի քաղաքապետարանը ևս հրաժարվում էր պարգևավճարների անվանական ցանկը հրապարակել, սակայն Անձնական տվյալների պահպանության գործակալության հստակեցումներից հետո ցանկը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի կայքում:

  • Կիսվել: