շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելը նորմալ, իրավական գործընթաց է. Նիկոլայ Բաղդասարյան

Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելը նորմալ, իրավական գործընթաց է. Նիկոլայ Բաղդասարյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների հարցաքննությունը կամ բացատրություն տալու համար ԱԱԾ հրավիրելը նորմալ, իրավական գործընթաց է, PrimeNews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

Նա հիշեցրեց, որ մամուլում գրվել էր տեղեկություն Հրայր Թովմասյանի հայտարարագրած ունեցվածքի մասին, որի համաձայն, որոշ տվյալներ թաքցվել են ու հավելեց. «Քննիչը այլ տարբերակ չուներ, նա պետք է կանչեր ու բացատրություն վերցներ այդ տեղեկությունների վերաբերյալ։ Երբ պաշտոնատար անձը գույքը տիրապետում է ու ձևակերպում է իր ազգականի անունով, ապա այդ ազգականը պետք է հարցաքննվի՝ պարզելու՝ արդյոք խնդիր կա»։

Դիտարկմանը, որ շատ իրավապաշտպաններ հայտարարություն են տարածել ու ԱԱԾ-ի դիմաց ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն Հրայր Թովմասյանի, Նիկոլայ Բաղդասարյանը արձագանքեց. «Այդ նույն իրավապաշտպանները ինչու՞ չէին աջակցում Լևոն Սարգսյանին (ՀՀ 3-րդ նախագահի եղբայրն է-խմբ.) ու նրա ընտանիքի անդամներին, երբ նրանց էին նույն հիմքով կանչում հարցաքննության։ Շատերը կան, որ նույն պատճառով կանչվում են հարցաքննության, ինչու՞ նրանց չեն պաշտպանում, եթե այդպես մտահոգված են մարդու իրավունքների պաշտպանությամբ»։ Նախկին փաստաբանի խոսքով, քննիչը պարտավոր է պարզել հանգամանքները, դրա համար կանչել հարցաքննության, հետևաբար այն հայտարարությունները, որ այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ կա, անհեթեթ է։ Իշխանական պատգամավորը արհեստական ու կասկածելի է համարում բարձրացված խնդիրը, ինչն էլ հիմք է տվել նրան եզրակացնել, որ այդ իրավապաշտպաններն ու ակցիային մասնակիցները անկեղծ չեն։ «Ես կասկածներ ունեմ՝ արդյոք նրանք անկեղծ են, թե՞ այլ, կողմնակի անձի միջամտություն կա այդ հարցում», ասաց Բաղդասարյանը։

Հարցին, թե ո՞վ կարող է միջամտել, այսինքն՝ իրավապաշտպանները պատվերո՞վ են բողոքում ԱԱԾ-ի գործողությունների դեմ, պատգամավորը պատասխանեց. «Երբ կասկածներս հաստատվեն, ես կասեմ՝ ով կարող էր միջամտել, որ այդ իրավապաշտպանները նման ակցիաներ կազմակերպեն։ Ես կարծում եմ, որ այդ իրավապաշտպանները այլ անձի կողմից միջամտելու արդյունքում են իրավապաշտպան գործողություններ իրականացնում, ակցիաներ կազմակերպում և անկեղծ չեն մարդու իրավունքների պաշտպանության հարցում»։

Միջամտությունը, ըստ պատգամավորի, կարող է իրականացվել ֆինանսավորման, խնդրելու տեսքով, ինչպես նաև ինչ-որ պրոյեկտի շրջանակներում։

«Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի անկեղծ, բխի իրավունքների պաշտպանությունից, և ոչ թե ընտրովի», - հավելեց Նիկոլայ Բաղդասարյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնց թվում կային նախկին իշխանության մաս կազմող նախկին պաշտոնյաների կազմակերպությունները, ակցիա էին կազմակերպել ԱԱԾ շենքի դիմաց՝ պահանջելով վերջ տալ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումներին։

Սակայն ավելի ուշ ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ «ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքի անդամներին առերևույթ պատկանող գույքը սահմանված կարգով չհայտարարագրելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները ստուգելու անհրաժեշտությամբ»։

Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը մեղադրվում է իշխանության յուրացման մեջ, ինչպես նաև փաստեր կան, որ նա թերի է հայտարարագրել իր գույքն ու ունեցվածքը։

  • Կիսվել: