ՀՀ-ն կսկսի ֆինանսական տեղեկություններ փոխանակել տարբեր երկրների հետ. նախագիծ
Համաձայնագրի սույն փոփոխության վավերացման դեպքում Հայաստանը կսկսի ֆինանսական տեղեկություններ փոխանակել տարբեր երկրների հետ։ Այս մասին այսօր խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ֆինանսական հաշիվների տեղեկատվության ավտոմատ փոխանակման մասին» լիազոր մարմինների միջև բազմակողմ համաձայնագրի փոփոխության վավերացման վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը:
Գևորգյանը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին, իսկ փոփոխությունը՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։ Փոփոխությունը նախատեսում է տեղեկությունների տրամադրման միասնական ստանդարտի ներդրում։
«Այս տարի Հայաստանն ավելի քան 40 երկրների հետ համաձայնագրի շրջանակում, արդեն փոխանակել է տեղեկություններ, որի արդյունքում երկրի բնակիչների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել։ Դա հիմնականում վերաբերում է բանկային տվյալների փոխանցմանը»,- ասել է Գևորգյանը։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) շրջանակում ստորագրված համաձայնագրի փոփոխությունները նպատակ ունեն պարզաբանել որոշակի դրույթներ։ Մասնավորապես, դրանք նպատակ ունեն բարելավել տեղեկությունների փոխանակման արդյունավետությունը՝ ընդլայնելով փոխանակվող տեղեկությունների շրջանակը, ուժեղացնելով ինքնահայտարարագրերի օրինականության վերահսկողությունը և բարելավելով տեղեկատվության ճշգրտությունն ու համեմատելիությունը: Փոփոխությունը միաժամանակ պարզաբանում է փոխանակվող տեղեկությունների շրջանակը, մասնավորապես ներառելով ավելի մանրամասն տեղեկություններ ներկայացված ինքնահայտարարագրի, հաշիվների տեսակների, վերահսկող և իրավաբանական անձանց դերի, դրանց նույնականացման, հաշվի կարգավիճակի բնութագրերի և որոշակի ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններում մասնակցության ձևերի վերաբերյալ:
Որոշակի քննարկումներից հետո նախագիծը ստացել է մշտական խորհրդարանական հանձնաժողովի դրական կարծիքը:



