ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան է մեկնում Իրանի իր գործընկերոջ հրավերով
ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը մանրամասներ է հայտնել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Իրան այցի վերաբերյալ:
Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ գրասենյակից հայտնեցին, որ ԱԽ քարտուղարը այցի ընթացքում «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին կմասնակցի հարց ու պատասխան ձևաչափով:
-Վերջին ամսվա ընթացքում մամուլն ակտիվ հետևում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցերին: Այսօր, վաղ առավոտյան ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը հաղորդագրություն տարածեց, ըստ որի, վաղն ԱԽ քարտուղարը կմեկնի Թեհրան: Կցանկանայինք ավելի մանրամասն տեղեկանալ նախատեսվող այցի մասին:
-Այո, դուք իրավացի եք, վաղ առավոտյան ՀՀ ԱԽ գրասենյակը նման հաղորդագրություն է տարածել: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Թեհրան՝ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հրավերով: Այցի ընթացքում նախատեսված են ԱԽ քարտուղարի աշխատանքային հանդիպումները Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ևս: Նշենք նաև, որ ԱԽ քարտուղարը այցի ընթացքում հարց ու պատասխան ձևաչափով կմասնակցի նաև «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին: